երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում և բռնկվել․ կան 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում և բռնկվել․ կան 1 զոհ, 1 վիրավոր

Հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 132 կմ հատվածում՝ Ջաջուռի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, 2 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում ծառայում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզում մեծ հեղինակություն վայելող, ազնվագույն, թասիբով գյումրեցիներից, Գյումրիի բնակիչ 49-ամյա Արա Խաչատրյանն է։

  • Կիսվել: