հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և, մի քանի մետր գլորվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: