Ոչ մի անձնական ամբիցիա չկա. լինելու են ԲԿ-ներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. նախարար
Լինելու են բժշկական կենտրոններ, որոնք մասնակից չեն դառնալու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Պատասխանելով հարցին, թե շատ են մեղադրանքներն իր հասցեին, մասնավորապես, որ սեփական ամբիցիաների պատճառով հրաժարվել է աշխատել Թիվ 1 և «Նաիրի» ԲԿ-ների հետ, որոնք պատրաստ են եղել աջակցել նախարարությանը, նախարարը նշեց.
«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Ոչ մի անձնական ամբիցիա չկա և չի կարող լինել, և ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքներին համապատասխան և այդ սկզբունքները միշտ լինելու են։ Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, քանի որ սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է բազմաթիվ այլ հիվանդություններով ևս»։
Դիտարկմանը, թե խոսքն ընդամենը 10 մահճակալի մասի՞ն է եղել, Արսեն Թորոսյանն ասաց. «Մրջյունը փիղ է դարձել, խոսքը ձեր նշած Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մասին է, իսկ «Նաիրի»-ի համար որոշում է կայացվել, որ ընդհանրապես չի մասնակցի կորոնավիրուսային հիվանդության բուժմանը։ Դա ճիշտ որոշում է և այն ուժի մեջ է»։



