ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը լիպիդների մեծացված ծավալի մատակարարման պայմանագիր է կնքել

Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը լիպիդների մեծացված ծավալի մատակարարման պայմանագիր է կնքել

Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը շվեյցարական CordenPharma ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ լիպիդների մեծացված ծավալի մատակարարման մասին, որոնք օգտագործվում են COVID-19-ի դեմ փորձնական պատվաստանյութի արտադրության մեջ՝ ձգտելով մեծացնել բավարար քանակի չափաբաժինների արտադրության համար հզորությունները, որպեսզի բավարարվի ակնկալվող համաշխարհային պահանջարկը։

Այս պահին COVID-19-ի դեմ ո՛չ պատվաստանյութեր, ո՛չ դեղամիջոցներ չկան, եւ փորձագետները ենթադրում են, որ մինչ անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի հայտնվելը մշակման սկզբից պետք է անցնի մեկ-մեկուկես տարի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Համաշխարհային առաջնորդները կարծում են, որ պատվաստանյութը կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակման միջոցներից հետո տնտեսությունը խթանելու միակ իրական միջոցն է։ Սակայն կան մտավախություններ, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, կարող են փորձել կուտակել պատվաստանյութի պաշարներ, քանի որ արտադրության սկզբնական փուլում ամբողջ աշխարհի պահանջարկը բավարարել հազիվ թե հաջողվի։

Moderna-ում անցյալ շաբաթ հայտարարել են, որ իրենց պոտենցիալ պատվաստանյութը առաջինն է, որը սկսել են փորձարկել ԱՄՆ-ում, եւ որը պաշտպանական հակամարմիններ է արտադրել առողջ կամավորների ոչ մեծ խմբի մոտ, ինչը դրա արդյունավետության հույս է ներշնչում։

«Այս պայմանագիրը թույլ կտա մեծացնել ՌՆԹ-ով մեր ապրանքների արտադրության մեջ օգտագործվող լիպիդների մատակարարումների ծավալը»,- պատմել է տեխնիկական գործարքների եւ որակի վերահսկման հարցերով Moderna-ի տնօրեն Խուան Անդրեսը։

Եթե պատվաստանյութը հաջողված լինի, Moderna-ն ծրագրում է միլիոնավոր չափաբաժիններ մատակարարել 2020թ․ եւ տասնյակ միլիոնավոր՝ 2021թ․

Ընկերությունը 10-ամյա պայմանագիր է ստորագրել շվեյցարական Lonza-ի հետ, որպեսզի արագացնի պատվաստանյութի արտադրության գործընթացը եւ տարեկան միլիարդ չափաբաժին արտադրի։

Moderna-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը սակարկումների նախաշեմին աճել են 2 տոկոսով։

  • Կիսվել: