Նշանվածներն ու սիրային ընկերները լինելու են մեր պաշտպանության տակ. Սոնա Ղազարյան
Սահմանադրությունն արդեն սահմանել է, թե ում միջեւ կարող է ամուսնություն տեղի ունենալ, մենք ընտանիքի ձեւավորման կամ ընտանիքը որպես պետության փոքր բջիջ ձեւակերպման մեր որեւէ փոփոխություն չենք արել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է որեւէ հիմքով խտրականությունը: Մենք երկու տարի աշխատել ենք այս նախագծի վրա եւ վեր ենք հանել այն խնդիրները, որոնք 2018-ից գործող օրենքում տեղ են գտել: Մասնավորապես, «զուգընկեր» եզրույթը հենց այդտեղ է ծնվել:
Իրավպահ համակարգից մեզ եկավ այն ազդակը, որ երբ մտնում են տուն եւ ուզում են պաշտպանության տակ առնել բռնության ենթարկված անձին, զագս-ի թղթի բացակայության պարագայում, ցավոք, այդ կանայք չեն կարողացել պաշտպանության տակ առնվել, որովհետեւ ընտանիքում բռնության կանխարգելման մասին գործող օրենքը նախատեսում է, որ պարտադիր է ամուսնության վկայականը: Նշանվածները, պարզապես ընկերները, որոնց միջեւ առկա է սիրային կապը, այսուհետ մեր պաշտպանության ներքո են լինելու»,- ընդգծեց Սոնա Ղազարյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի 14 կին է մահացել ընտանիքում տեղի ունեցած բռնությունների հետեւանքով: