կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նորակառույց շենքերի համար գազի պահանջարկը գրեթե այնքան է, որքան սպառում է քաղաքը. Բաղրամյան

Նորակառույց շենքերի համար գազի պահանջարկը գրեթե այնքան է, որքան սպառում է քաղաքը. Բաղրամյան

Երևանում իրականացվող շինարարության և կառուցապատման արդյունքում գազի, այսպես ասած, նոր պահանջարկը գրեթե այնքան է, որքան այս պահին սպառում է քաղաքը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե այս կառուցապատումներն ամբողջությամբ ավարտվեն, պահանջարկը կրկնակի կավելանա։ Ընդհանուր համալիր լուծում է տրվել, փոխարժեքի նվազումից ունեինք որոշակի խնայողություններ, եւ որոշում է կայացվել այդ գումարներն ուղղել ենթակառուցվածքների վերականգնմանը: Այսինքն՝ Երևան մտնող չորս ուղղություններով ենթակառուցվածքներն ամբողջովին հզորացվում են, գազաբաշխիչ նոր կայաններ են կառուցվելու՛՛:

Բաղրամյանի խոսքով՝ երկու ուղղություններով շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, երկու ուղղություններով էլ նախագծման աշխատանքներ են իրականացվում։

՛՛Գազաբաշխիչ կայաններ արդեն կառուցված են, գազատարներն արդեն գցված են: Եղած կայանների կողքը նոր գազաբաշխիչ կայաններ են կառուցվել՛՛,-ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:

Նա նաեւ հայտնեց, որ նոր միացող բաժանորդների համար միացման վճարներ են սահմանվելու, այսինքն՝ ընդհանուր բաժանորդների համար բեռ չի դառնալու, բաշխիչ կայանների կառուցման համար օգտագործված խնայողությունները պետք է վերադարձվեն։

՛՛Գազի մասով միայն միացումների համար գործելու են միցման վճարներ, որոնք մինչեւ ապրիլի 1-ը կսահմանվեն, որպեսզի այդ գումարները հետ վերադարձվեն՛՛,-նշեց նա:

Բաղրամյանն անդրադարձավ նաեւ լրագրողների դիտարկմանը, թե ՛՛Վերածնունդ՛՛ թաղամասի ապագա բնակիչները բողոքում են, որ իրենց շենքերին գազ չի հասնում, քանի որ այդ հատվածում ակացիաներ են տնկված, եւ քաղաքապետարանը չի ցանկանում այդ մասով գազատար անցկացնել, իսկ նոր տարբերակ էլ չի առաջարկում:

Այս առնչությամբ նա ասաց, որ Եթե կառուցապատվող շենքի նախագծում առնվազն կա, որ պետք է բնակարանները գազիֆիկացված լինեն, այդ շենքը առնվազն պետք է ավարտական ակտ չստանա, եթե գազաֆիկացումն ապահովված չէ:

՛՛Բոլոր կարգավորումները կան,թ ե ինչպես են միանալու նոր կառուցվող շենքի բաժանորդները եւ ՀԷՑ-ի մասով, եւ ջրի մասով, եւ գազի մասով: Այս հարցը ավելի շատ քաղշին նորմերի հետ է կապված: Այսինքն այդ շենքը առնվազն չի ավարտվել, եթե մնում է նախագծային լուծումներում, որ պետք է բնակարանները գազիֆիկացված լինեն՛՛,-ասաց Բաղրամյանը:

  • Կիսվել: