հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Նոր Զովքի» դեմ իրականացվում է համակարգված արշավ. ընկերության պաշտպանական խմբի հայտարարությունը

«Նոր Զովքի» դեմ իրականացվում է համակարգված արշավ. ընկերության պաշտպանական խմբի հայտարարությունը

Հայաստանի երկրորդ ամենամեծ ծածկույթ ունեցող սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է, ինչ ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների, որն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով, կալանքը անձանց դեմ որպես պատիժ կիրառելու և ընկերությանը նյութական և ոչ նյութական վնաս հասցնելու իրողությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբը:

«Արդյունքում 1999թ․ հիմնված, մատչելի և որակյալ մթերքներով հայտնի սուպերմարկետների ցանցը իր 29 մասնաճյուղերով ու մոտ 1600 աշխատակիցներով, հայտնվել է ճգնաժամային իրավիճակում:

Վերլուծելով հանգամանքները, ծանոթանալով կալանավորման որոշմանը, «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբն այսօր հայտարությամբ արձանագրել է, որ դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ
կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին ու զրկել ընկերությունը բնականոն գործունեությունը իրականացնելու՝ իր երաշխավորված իրավունքից: Ավելին, իրավապահ և հարկային մարմինները չեն ներկայացրել ողջամիտ բացատրություն այն մասին, թե ինչու են ծրագրերի և տվյալների պատճենահանման փոխարեն անպայմանորեն առգրավվում տեխնիկական բոլոր միջոցները՝ փաստացի զրկելով Ընկերությանը հաշվապահական հաշվառում վարելու, մատակարարների հանդեպ պարտավորությունները, վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու և շուրջ 1600 ընտանիքների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու հնարավորությունից: Այդ մասով վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդրությունները անարձագանք են մնացել:

«Ստանալով չորս մեղադրվող անձանց կալանավորման մասին որոշումները՝ տպավորություն է, որ բոլորը մեկ մարդու կողմից գրված տեքստեր են, որում պարզապես ձևականորեն շարադրված են քննիչների կողմից ներկայացված ձևակերպումները։ Մեր կողմից դատարաններին են ներկայացվել հիմնավոր կասկածը հերքող մի շարք փաստական տվյալներ, որոնց ոչ միայն որևէ անդրադարձ չի կատարվել դատական ակտում, այլև դատարանի կողմից չեն վերլուծվել քննիչների կողմից ներկայացված տվյալները՝ հիմնավորելու, թե որքանով են դրանք բավարար առկա կասկածը հավաստելու համար։ Բացի այդ, դատարաններն ընդհանրապես չեն պատաճառաբանել, թե ինչու կիրառելի չեն կարող լինել այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, տնային կալանքը կամ նույնիսկ դրանց համակցությունը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու մեր մտահոգությունները գործի ուղղորդված բնույթի վերաբերյալ»,-ասել է պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ հարկ կա ընդգծելու` քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված տնային կալանքը փաստացի շատ քիչ է զիջում կալանքին, մինչդեռ դատարանն այս չորս դեպքերում էլ կիրառել է միջազգային ստանդարտով ծայրահեղ խափանման միջոցը` կալանքը:

Պաշտպանական խումբը անդրադարձել է նաև ՀՀ Վարչապետի կողմից կատարված հայտարարությանը` ընդգծելով, որ այն անխուսափելիորեն կաշկանդելու է իրավապահ համակարգին կատարելու օբյեկտիվ քննություն։

«Այդ խոսքերը վկայում են, որ անգամ արտերկրում գտնվելու պարագայում վարչապետն ավելի քան տեղյակ է գործի մանրամասնություններին։ Ամենաբարձր մակարդակում արվում են հայտարարություններ, որոնք «կանխորոշում են» գործի ելքը՝ իրավապահ համակարգին ստիպելով գործը քննել միայն այն ուղղությամբ, որը բխում է արդեն իսկ կատարված զեկուցումներից և դրանց հիման վրա ձևավորված կանխակալ դատողություններից։ Որքան էլ վարչապետն ասում է «չխախտելով անմեղության կանխավարկածը»՝ իր խոսքերն ամենաուղիղ իմաստով անմեղության կանխավարկածի խախտում են, քանի որ երկրի ղեկավարը անում է հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում մյուս կողմի դատողությունները և կանխորոշում կայացվող դատական ակտերի բովանդակությունը: Եթե այս ամենը դիտարկենք նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կատարած հայտարարությունների համատեքստում, ապա պարզ է, որ գործ ունենք պետության կողմից բիզնեսի դեմ իրականացվող համակարգված արշավի հետ։ Այս ամենն ազդում է տնտեսական միջավայրի վրա, որտեղ տնտեսվարողը չունի իրական հնարավորություն իրավական գործընթացների շրջանակներում ապացուցել իր անմեղությունը և զուգահեռ աշխատել` վճարելով հարկեր և աշխատավարձեր»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:

«Նոր Զովքի» սեփականատերը` Ա․Ա․-ն, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ն կալանավորվել են։

  • Կիսվել: