շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոր վիրուսը գողանում է Telegram-ի օգտահաշիվներ և բանկային տվյալներ

Նոր վիրուսը գողանում է Telegram-ի օգտահաշիվներ և բանկային տվյալներ

Կիբեռանվտանգությամբ զբաղվող Guardz ընկերության մասնագետները հայտնաբերել են ShadowVault կոչվող վնասակար ծրագրի նոր տեսակ, որը նախատեսված է հատուկ macOS-ով աշխատող համակարգիչներից գաղտնի տվյալները գողանալու համար: Այս մասին  հաղորդվում է ընկերության կայքում։

Guardz-ի տեղեկություններով՝ ShadowVault-ը վաճառում են Darknet-ում ամսական $500-ով, ինչը կրկնակի էժան է Apple-ի համակարգիչներից տեղեկություններ գողանալու համար նախատեսված Atomic Stealer ծրագրաշարից:

macOS-ով գործող համակարգիչների վրա աշխատելով ֆոնային ռեժիմում՝ ShadowVault-ը կարող է հանգիստ գողանալ գաղտնաբառեր, cookie ֆայլեր, բանկային քարտերի տվյալներ, էլեկտրոնային դրամապանակներ և բրաուզերի ընդլայնումներից ստացված ողջ տեղեկությունները, գողանալ Telegram-ի օգտահաշիվները և այլ գաղտնի տվյալներ:

ShadowVault-ի մշակողները նաև խոստանում են հավելյալ վճարի դիմաց տրամադրել վնասատու ծրագրեր՝ ստորագրված է Apple-ի մշակողի կողմից:

Փորձագետները նշում են, որ ShadowVault-ը ոչ մի կերպ չի կարողանում հասանելիություն ստանալ Safari բրաուզերի տվյալներին։ Այնուամենայնիվ, այս ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում այլ հայտնի բրաուզերների և նույնիսկ Apple-ի Keychain ֆունկցիայի օգտատերերի համար, որի օգնությամբ macOS-ում և iOS-ում պահպանվում են լոգիններն ու գաղտնաբառերը:

Նյութը՝ ըստ tech.news.am-ի:

  • Կիսվել: