կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Նոր տարի ա, խոզի բուդ ա... 3 տարի ա արևային պանել ենք դնում». Երևանի քաղաքապետի խիստ հանձնարարականը

«Նոր տարի ա, խոզի բուդ ա... 3 տարի ա արևային պանել ենք դնում». Երևանի քաղաքապետի խիստ հանձնարարականը

Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գրիգորյանը զեկուցեց, որ Երևանի համար Եվրամիության կողմից իրականացվող արևային ծրագիրը իրականացվում է երկու փուլով, առաջին փուլը ավարտված է, և թվով 43 շենքերում տեղադրված են արևային կայաններ, իսկ երկրորդ փուլում, որը մեկնարկել է նոյեմբերի վերջին, ներառված է 54 բազմաբնակարան շենք։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարական տվեց վարչական շրջանների ղեկավարներին ակտիվ աշխատանքներ տանել արևային պանելների տեղադրման հարցը լուծելու ուղղությամբ. «Մենք փետրվարի վերջ պետք է վերջացնենք, ասեք` ինչ է պետք, ես էլ կարող եմ գալ, խոսել բնակիչների հետ, վերջացնենք այդ ծրագիրը»,- ասաց նա։

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը նշեց, որ Ավան համայնքում ծրագիրը կանգ է առել շինարարների վատ աշխատանքի պատճառով. «Օրինակ, մեզ մոտ Դուրյան 47 շենքում դեկտեմբերի 22-ին քանդել են եւ այդպես թողել մինչեւ հունվարի 17-18-ը: Կապալառուները քանդում, անհետանում են: Դա առաջին դեպքը չի»:

Քաղաքապետը հանձնարարեց դիմել բանկերին, հասկանալ՝ քանի ոչ բարեխիղճ տնտեսվարողների վերաբերյալ ենք բանկերից երաշխիքներ ուզել 2021-ին. «Դա մեր սխալ կազմակերպվածության արդյունքն է, կամ տեխբնութագրի մեջ չենք նշել դրա մասին, կամ էլ աշխատանք չենք արել, մեր խնդիրն է։ Իսկ երբ շենքը դեկտեմբերի 22-ին քանդում են ու չեն գալիս, պետք է ֆիքսենք, որ հունվար է, Նոր տարի է, խոզի բուդ է, դրա համար պետք չի, որ դեկտեմբերի 22-ից գան քաշեն: Այստեղ մեր մեղավորությունն էլ ունենք։ Գիտեմ, խնդիրներ կան համատիրությունների հետ, ակտիվ աշխատեք, այդ հարցը լուծենք, գնանք առաջ: Թե չէ երեք տարի է՝ արևային պանել ենք դնում։ Բնակիչների համար էլ է դա կարևոր, հավելյալ եկամուտներ ու քիչ ծախսեր կունենան, այդ գումարն էլ կուղղեն իրենց շենքի բարեկարգմանը»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: