հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր քրեական գործ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի նկատմամբ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս

Նոր քրեական գործ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի նկատմամբ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս

ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադեւոսյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին մեր տեղեկությունը։

««Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի իրավասու աշխատակիցների կողմից առանց ապրանքների մատակարարման, առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու եւ ներկայացնելու, որի արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով (Կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով պետությանը առանձնապես խոշոր վնաս է պատճառվել` պատժվում է ազատազրկմամբ`4-8 տարի ժամկետով» - հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Քննչական կոմիտեն սկսեց քննել երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների հիմնադիրների և աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու հանգամանքները։ 

2011թ. մինչ օրս ճանապարհային երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերի սպասարկումն իրականացվում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կողմից, որը 2011 և 2018թթ. պայմանագրեր է կնքել «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերության հետ՝ պետությանը մատուցվելիք ծառայությունների, մասնավորապես՝ համակարգի սպասարկում իրականացնելու վերաբերյալ։

ՀՀ ոստիկանությունը հունվարի 19-ին հրապարակել էր  ճանապարհային երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերի սպասարկման համար գնումների մրցույթ, սակայն այս նախաորակավորման ընթացակարգին հայտ ներկայացրած ընկերությունների շարքում է «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ն (գրանցված 2011թ.), և ընկերության ներկայացուցիչը փաստաբան Տիգրան Գրիգորյանն է, որն աշխատում է նաև «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունում։

  • Կիսվել: