երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալի նկատմամբ

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2023 թվականի օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան ու արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար: Արդյունքում, հաղթող են ճանաչվել Սանիթեք (Sanitek s.a.r.l.) ՍՊ ընկերությունը, Սանիթեք ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և Սանիթեք Ինթերնեյշնլ ՍՊ ընկերությունը:

Հետագայում, վերը նշված ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մլրդ 200 հազար դրամ ավել գումարներ են վճարվել՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք:

Բացի այդ, Վ.Ն.-ն նշված ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը: Մասնավորապես՝ Վ.Ն.-ն իր հոր՝ Հ.Ն.-ի անվամբ գրանցված անշարժ գույքերը 2015 թվականին երկարաժամկետ վարձակալության է հանձնել նշված ընկերություններին՝ մինչ այդ պահը տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող վարձավճարով՝ 436 մլն 472 հազար 280 դրամով:

2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ու «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են: Արդյունքում Վ.Ն.-ն հոր՝ Հ.Ն.-ի համար, որպես այլ առավելության տեսքով կաշառք, 2015-2019 թվականների համար փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազար 953 դրամ գույքային օգուտ»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: