ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին եւ հոգեւոր առաջնորդին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին եւ հոգեւոր առաջնորդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի եւ Իրանի միջեւ դարավոր բարեկամությունն ու պատմական խոր ավանդույթները լավագույն հիմքն են փոխշահավետ համագործակցության զարգացման եւ խորացման համար:

Տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն առավել մեծ կարեւորություն է տալիս երկկողմ փոխշահավետ ծրագրերի շուտափույթ եւ լիակատար իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների եւ տարածաշրջանի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն եւ խաղաղություն»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:

Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը նորովի է կարեւորում մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամությունը եւ փոխադարձ հարգանքը՝ հնարավորություն ընձեռելով առավել խոր փոխգործակցության:

Հայաստանը վճռական է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների եւ տարածաշրջանի:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն եւ արեւշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ առաջընթաց»:

 

  • Կիսվել: