Նիկոլ Փաշինյանը ազատ է իր սոցիալական ցանցերում գրել այն, ինչը նպատակահարմար է գտնում. նախարար
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շոկի մեջ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված հայհոյախառն ու վիրավորական գրառումներից: Աժ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ շոկի մեջ չէ՞ վարչապետի նմանօրինակ գրառումներից, նա ասաց՝ ոչ, շոկի մեջ չէ:
Նախարարը նշեց, որ ինքն արդեն գրառմամբ է հանդես եկել և թեմայի շուրջ կարծիքն ասել է: «Ես ընդամենն ասում եմ, որ եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, իրենք պետք է որոշակի նաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են, ինչպես ամեն մեկի համար, ով որ իր գործառույթից ելնելով այն, ինչ որ ինքը ստանձնել է, ենթադրում է որոշակի կանոններ և այստեղ էլ կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն»,- ասաց նա:
Հարցին՝ իշխանության յոթերորդ տարում այդ հարցի հրատապությունը ո՞նց առաջացավ, նա ասաց, որ չի կարող ասել: «Այդ թեման իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում չի և երբ որ այդ հարցը ի հայտ եկավ, ես այդ հարցին անդրադարձա»,- ասաց նա:
Հարցին՝ Ձեզ համար որքանո՞վ է կոռեկտ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ-որ իքս Սրբազանի և նրա ազգականի՝ քեռակնոջը կենակցելու վերաբերյալ, նա պատասանեց. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ազատ է իր սոցիալական ցանցերում գրելու այն, ինչն ինքը նպատակահարմար է գտնում»:
Այնուհետև Հովհաննիսյանը, դիմելով լրագրողներին, ասաց՝ եկեք այս թեման փակենք ու ճեպազրույցը կիսատ թողնելով հեռացավ: