երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նվազեցնել վերարտադրողական ծրագրերում ներառված կանանց տարիքը

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նվազեցնել վերարտադրողական ծրագրերում ներառված կանանց տարիքը

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը:

Նախագծով առաջարկվում է 500 միլիոն դրամ լրացուցիչ միջոցներ հատկացնել Առողջապահության նախարարությանը վերարտադրողական առողջության ծրագրի համար:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետպատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը բնակչության համար:

«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, այն պարբերաբար վերանայվել է և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 բնակավայրերի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին:

Հաջորդ վերանայումը կապված էր 44-օրյա պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը, ինչի շնորհիվ շատ ընտանիքներում կրկին վառվեց լույսի ճրագը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց՝ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ: Ծրագրի գործարկման ընթացքում արդյունավետությունը՝ այսինքն ծնված բալիկների թիվը կազմել է 31.4 տոկոս, ինչը բավարարում է զարգացած երկրներում միջին ցուցանիշներին:

«Ծրագրի շրջանակներում զոհված զինծառայողների մայրերի համար տարիքային ոչ մի սահմանափակում չի գործում: Սույն թվականի հունվարին ծրագրի շահառու դարձան մինչև 36 տարեկան երկու տարի և ավել անպտղություն ունեցող բոլոր անզավակ կանայք, սահմանամերձ բնակավայրերում ապրող 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն երկրորդ բալիկ ունենալու դժվարություններ: Եվ այսպես միայն 2023 թվականի ընթացքում սպասարկվել և  բուժման տարբեր փուլերում են գտնվում 2876 շահառու, արձանագրվել է 2301 հղիություն, ծնվել է  57 բալիկ 9 զոհված զինծառայողների ընտանիքներում:

Աշխատանքներ ենք տանում նաև ծրագրի հասանելիությունը մեծացնելու մասով: Առաջիկայում մարզային քաղաքաներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ, կսկսենք Գյումրիից, այնուհետ Վանաձորում և Գորիսում ևս կունենանք այս ծրագրի իրագործման հնարավորություն»,- ասաց Ավանեսյանը:

Մեկնաբանելով նրա խոսքերը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ինչո՞ւ 32, ինչո՞ւ ոչ 22 կամ 18:

«Մարդը 18 տարեկան չափահաս մարդ է՝ իրավունք ունի որոշում կայացնելու, էդ ո՞նց ենք որոշել 32: Դա է նպատակը ծրագրի, որ մարդն ուզում է,  որոշում է  կայացրել: Չենք կարող մարդկանց ստիպել, թե գնացեք ամուսնացեք, ուզում են՝ ամուսնանում են, չեն ուզում՝ ոչ, ուզում են երեխա ունենալ՝ ունենում են, չեն ուզում՝ չեն ունենում: Մեր ծրագրի նպատակը դա է, ինչո՞ւ ենք տարիքային շեմ սահմանել, մարդն ինքն է որոշում օգտվի, թե՝ չէ, պետք է այդ տարիքային շեմը վերացնել: Ով որևէ պատճառով նման մտադրություն ունի, պետք է այդ ծրագիրը հասանելի դարձնել նրանց համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: