երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է հունիս ամիսը

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է հունիս ամիսը

Հունիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել Երևան քաղաքի թվով 13 ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը:

Մասնավորապես՝ «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով օբյեկտային ուսումնավարժանքներ են անցկացվել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-երում:

Ուսումնավարժանքների նպատակն էր օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի ու կազմավորումների միջև փոխհամագործակցության մակարդակը:

«Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի շրջանակներում գործարկվել է էլեկտրական շչակ:

«Երևանի «Արևամանուկ» հ. 163 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ. 89 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ. 88 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի հ. 156 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում անցկացվել են «Անձնակազմի և սաների գործողությունները երկրաշարժի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Ուսումնավարժությունների նպատակն էր ստուգել և կատարելագործել մանկապարտեզների անձնակազմի գործնական հմտությունները երկրաշարժի դեպքում:

Հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը օժանդակելու, հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը նպաստելու, մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը ստուգելու, օղակների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու, ինչպես նաև անձնակազմի և կազմավորումների միջև փոխհամագործակցությունը ստուգելու նպատակով «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Երևանի հ. 5 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ. 71 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ. 146 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում:
Միջոցառումներին ներգրավվել են ուսումնական հաստատությունների թե՛ ուսուցչական և թե՛ աշակերտական անձնակազմը, առողջության կենտրոնների անձնակազմն ու այցելուները: Ընդհանուր առմամբ ներգրավված է եղել մոտ 1670 մասնակից:

Հունիս ամսվա ընթացքում Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները մասնակցել են «Աշխատանք հրշեջ-ավտոսանդուղքով» թեմայով գործնական պարապմունքներին:

Գործնական պարապմունքների անցկացման նպատակն էր՝

• ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանն իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ,
• կատարելագործել փրկարարական ծառայողների գործնական ունակությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ,
• զարգացնել փրկարարական ծառայողների միջև փոխհամագործակցությունը:

Միջոցառումների շրջանակում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները քաղաքի մի շարք բնակավայրերում, հանգստյան գոտիներում և մարդաշատ վայրերում պարբերաբար իրականացրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հրդեհների առաջացման և տարածման վտանգի կանխարգելմանը:

  • Կիսվել: