կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր

Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր

Հայաստանում անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը կանխատեսեց համաշխարհային երեք ռիսկերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թալեբը կանխատեսումն արեց Երևանում համաժողովից առաջ հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե կանխատեսո՞ւմ է արդյոք նոր համաճարակներ կամ ֆինանսական փլուզումներ:

«Մի քանի սպառնալիքներ կամ պոտենցիալ զարգացումներ եմ տեսնում: Առաջինը համաճարակն է: Ես կորոնավիրուսից առաջ եմ նշել համաճարակի մասին իմ «Սև կարապ» գրքում: Տեսանք, որ սա ռիսկի մեծ աղբյուր է, կարող են լինել տարատեսակ համաճարակներ»,-ասաց Թալեբը:

Գիտնականի երկրորդ կանխատեսումը ֆինանսական համակարգի փլուզմանն է վերաբերում: «2008 թ. մեծ ֆինանսական ճգնաժամն ԱՄՆ-ում շատ ավելի բացասաբար անդրադարձավ մարդկանց կյանքի վրա, քան շատ լուրջ հիվանդությունները: Այս ամենը մեղմելու, այս ամենին հակազդելու համար միջոցներ են անհրաժեշտ»,-ասաց գիտնականը:

Ըստ նրա հիմա ԱՄՆ-ում ամենամեծ ռիսկը թերևս անշարժ գույքի շուկայի փլուզումն է:

Ամփոփելով՝ Թալեբն ասաց. «Առաջին կետը համաճարակն է, երկրորդը՝ ֆինանսական ճգնաժամը, փլուզումը: Երրորդ կետը պարտքի անընդհատ ահագնացող չափերն են արևմտյան երկրների համար: Պարտքը հիմա ավելին է, քան նախկինում է եղել, տոկոսներ են կուտակվում նախկին ազգային պարտքից: Սա մի փոթորիկ է, որը դժվար է կանգնեցնել: Իսկ, եթե ձեզ ասում են, որ իրական ռիսկը կապված է Չինաստանի, Գազայի, Ուկրաինայի հետ, այդքան էլ ճիշտ չէ, կարծում եմ՝ այստեղ իմ թվածների մեջ ավելի շատ ռիսկ կա»:

  • Կիսվել: