շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին տեղեկացնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։

Նշենք նաև, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ին հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: