երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Մարինա Լազեբնայայի գլխավորած պատվիրակությանը

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Մարինա Լազեբնայայի գլխավորած պատվիրակությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացված և նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության ստեղծմանը, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին,  աշխատանքի և զբաղվածության ոլորտում օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությանը։

«Ուկրաինայում 2018 թ․ստեղծված Վետերանների հարցերով նախարարության հետ համագործակցության հնարավորությունն ու ուկրաինական փորձը հետաքրքիր ու արժեքավոր կլինի Հայաստանի համար, քանի որ 2020 թ․ պատերազմից հետո առավել քան կարևորում ենք հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների իրավունքների լիարժեք իրացումն ու վերջիններիս հնարավորությունների ընձեռումը։

Կարծում եմ՝ արդյունավետ կլինի նաև Միասնական սոցիալական ծառայության համակարգի կատարելագործմանն ուղղված ծրագրերի շուրջ համագործակցությունը, քանի որ Ուկրաինայի նորաստեղծ Ազգային սոցիալական ծառայությունն իր գործառույթներով շատ նման է ՄՍԾ-ին»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանը հույս է հայտնել, որ ուկրաինական փորձի ուսումնասիրումը նույնպես կարող է օգտակար լինել նաև միասնական տեղեկատվական համակարգի մշակման ու զարգացման, երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման,  կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերում։

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը ներկայացրել է երկրում սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ թե՛ Հայաստանի, և թե՛ Ուկրաինայի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու հիմնախնդիրները նույնանման  են․

«Իմ պաշտոնավարման ընթացքում ներդրվել է սոցիալական ծառայության մի շարք տեսակներ, ստեղծվել է 10 ռեեստր՝ կենսաթոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, նպաստառուների և սոցիալական այլ կատեգորիաների անձանց տվյալների հավաքագրմամբ։ Հաջորդ կարևոր բարեփոխումը վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։ Տեղյակ եմ, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2017 թվականից և ուրախ կլինեմ, որ այդ համատեքստում ձեր կողմից տրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն և իրականացվի փորձի փոխանակում»,- նշել է Մարինա Լազեբնայան։

Հանդիպման ընթացքում նախանշվել է հետագա համագործակցության հնարավոր տարբերակները․  կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում աշխատանքային քննարկումների շրջանակում ընթացք տալ նախանշված ծրագրերին։

  • Կիսվել: