չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ

Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ

 Իսրայելը լույս ապրիլի 29-ի գիշերը մի շարք ավիահարվածներ է իրականացրել Գազայի հատվածի վրա, հարվածներ հասցրել Գազա և Ռաֆահ քաղաքներին: Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:

Պաղեստինյան WAFA գործակալությունը, վկայակոչելով առողջապահական իշխանությունների տվյալները, տեղեկացրել է, որ Գազա քաղաքի արևմուտքում գտնվող բնակելի շենքում Իսրայելի ռմբակոծության հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք, ևս տասը մարդ վիրավորվել են։

Ռաֆահում, տարբեր լրատվամիջոցների տվյալներով, ավիահարվածների հետևանքով փլված երեք շենքերում զոհվել է 13-15 մարդ։

Իսկ Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ փախստականների ճամբարում, ըստ WAFA-ի, Իսրայելի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1 մարդ, մի քանիսը՝ վիրավորվել։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 130 պատանդ։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 34 450-ի, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Առնվազն 77 500 մարդ վիրավորվել է։

Ապրիլի սկզբին Իսրայելը հայտարարել է նոր հսկիչ անցակետերի բացման մասին, որոնք նախատեսված են Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը հեշտացնելու և օգնության ծավալներն ավելացնելու համար։ 

  • Կիսվել: