Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել միջազգային ստանդարտներին համապատասխան կշռման նոր անշարժ հենակետ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-𝟐 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ𝟏𝟗𝟖+𝟎𝟎𝟎–կմ𝟏𝟗𝟗+𝟎𝟎𝟎 հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման նոր հենակետի շինարարական աշխատանքներ։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետի պարտականնությունները կատարող Արամ Աղայանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ավագ ինժեներ Էդգար Ֆրանգուլյանի հետ միասին տեղում ծանոթացել են մշակվող ճարտարապետաշինարարական նախագծին, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության գլխավոր ինժիներ Ռուբեն Առաքելյանի հետ քննարկվել են կշռման նոր հենակետի և հենակետին մոտեցման, մուտքի և ելքի կառուցման մանրամասններն ու ժամկետները․ մասնավորապես՝ ճարտարապետաշինարարական նախագծի հաստատումից և անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը ստանալուց հետո կմեկնարկեն կշռման անշարժ կայանի բուն շինարարական աշխատանքները։
Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել միջազգային ստանդարտներին համապատասխան, անհրաժեշտ կահավորմամբ և տեխնիկական միջոցներով զինված կշռման նոր անշարժ հենակետը։
Ինֆորմացիան և լուսանկարները՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի:


