Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»․ ամփոփվել են ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 1-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին: Շրջայցին մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, շինարարական աշխատանքներն իրականացնող «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտները:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շինարարական փուլերին, տարածքի ներքին կառուցվածքին և դրա նշանակությանը՝ որպես «Ինժեներական քաղաքի» կենտրոնական հանգույցներից մեկը:
Շրջայցից հետո Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաքի» գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցության շրջանակն ու զարգացմանն ուղղված քայլերը։
Ելույթով հանդես է եկել նաև նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով բիզնես աքսելերատորի շենքի դերը՝ որպես նորարական գաղափարների իրագործման և ինժեներական համայնքի ապագա հարթակ։ Նա նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցներին, ոլորտի գործընկերներին, շինարարական խմբին և ներգրավված բոլոր մասնակիցներին՝ ծրագրի կարևոր փուլի հաջող ավարտի համար։ Նախարար Հայրապետյանի խոսքով, շենքի պաշտոնական բացումը նախատեսվում է տարածքի բարեկարգումը և ներքին կահավորումն ավարտելուց հետո:
Դեսպան Սոբհանին, իր հերթին, կարևորեց Իրանի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, շնորհավորեց բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ՝ նշելով այն որպես տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն Հայաստանում։