չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նախարար Խաչատրյանը մասնակցել է «ՀՀ ստարտափ էկոհամակարգի համագործակցության խթանում ազգային և գլոբալ մակարդակում հաջողության համար» կլոր սեղան-քննարկմանը

Նախարար Խաչատրյանը մասնակցել է «ՀՀ ստարտափ էկոհամակարգի համագործակցության խթանում ազգային և գլոբալ մակարդակում հաջողության համար» կլոր սեղան-քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 20-ին մասնակցել է Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի (STAN) նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համագործակցության խթանում ազգային և գլոբալ մակարդակում հաջողության համար» կլոր սեղան-քննարկմանը:

Բացման խոսքում Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նպատակները և նախանշելով ստարտափ էկոհամակարգի հետ համագործակցության, ինչպես նաև բիզնես հրեշտակների ցանցերի մշակույթի զարգացման վերաբերյալ նախարարության տեսլականը:

Նախարարը շեշտել է, որ ժամանակակից աշխարհում ներդրումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում և դրանց զարգացումն այլևս անհրաժեշտություն են հատկապես տնտեսության զարգացման ուղենիշում:

Նա բարձր է գնահատել հրեշտակ ներդրողների նվիրումը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործին՝ նշելով, որ դա ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծել հայ ձեռնարկատերերի համար, այլև էապես նպաստել է պետության տնտեսական զարգացմանը:

Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բաց է հրեշտակ ներդրողների հետ համագործակցության համար: Նաև նշել է նախարարության պատրաստակամությունը, որպես լիազոր մարմին, կապող օղակ դառնալու ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ կազմակերպությունների և ներդրողների միջև:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն, STAN հիմնադիր ներդրող Արմեն Օրուջյանը բացման խոսքում անդրադարձել է STAN բիզնես հրեշտակների ցանցի 5-ամյա գործունեությանը՝ նշելով, որ նախաձեռնությունը սկսվել է 2018 թվականին 18 հիմնադիր ներդրողներով, իսկ այժմ այն միավորում է մոտ 40 հրեշտակ ներդրողների աշխարհի 6 երկրից: Արմեն Օրուջյանի խոսքով՝ 5 տարվա ընթացքում STAN-ի հրեշտակները ներդրել են ավելի քան 620 հազար ԱՄՆ դոլար Հայաստանի 14 ստարտափ ընկերություններում:

Կլոր սեղան-քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են են հայկական ստարտափ էկոհամակարգի արդի մարտահրավերներին, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման ռազմավարական խնդիրներին, նորարարության մեջ ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքների պակասին, տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի զարգացմանը և այլն: Այդ համատեքստում, կարևորվել են հետազոտության և զարգացման (R&D) ֆինանսավորումը, կրթության առանցքային դերը և հայկական սփյուռքի ներուժը:

Ստարտափ էկոհամակարգի մարտահրավերների քննարկումից հետո մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները նշված խնդիրների լուծման վերաբերյալ:

  • Կիսվել: