շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մինչև 2024 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ ԿԳՄՍ նախարարության կողմից պետք է մշակվի և Կառավարության որոշմամբ հաստատվի օրենքի նախագիծը:

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի համակարգելու ՀՀ-ում երիտասարդության ոլորտը՝ ստեղծելով պետական վարչարարությունն իրականացնելու մեխանիզմներ, ինչպես նաև կնպաստի ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն: Օրենքը կհանդիսանա շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար։

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը մշակելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է մասնակցային գործընթաց, որի արդյունքում նախարարի հրամանով ձևավորվել է նախագիծը մշակող աշխատանքային խումբ: Այն կազմված է պետական հատվածը ներկայացնող անդամներից, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խումբը գործել է հինգ ենթախմբերով, որոնք համակարգել են աշխատանքային խմբի անդամները՝ ըստ ոլորտային դերակատարման համապատասխանության: Նախագծի մշակմանը մասնակցել են նաև հրավիրված փորձագետներ՝ երիտասարդության և իրավական ոլորտներից, ինչպես նաև աջակցել են մի շարք միջազգային գործընկերներ: Խումբն ուսումնասիրել է Լատվիայի և Լիտվայի երիտասարդական քաղաքականության իրավական դաշտը, նախագիծը քննարկվել է ՀՀ բոլոր մարզերում՝ ՏԻՄ երիտասարդության հարցերով զբաղվող պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդների հետ (շուրջ 3 տասնյակ քննարկում, շուրջ 1000 մարդ): Նախագիծը լրամշակվել է վերոնշյալ քննարկումների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հետ քննարկման արդյունքում:

Նախագծով սահմանվել են պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ, ինչպիսիք են՝ «Երիտասարդ», «Երիտասարդական աշխատանք», «Երիտասարդական կենտրոն», «Երիտասարդական կազմակերպություն» և այլն, որոնց միջոցով պետությունն իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականություն: «Երիտասարդ» հասկացության սահմանման համար հիմք են հանդիսացել տեսական մոտեցումները՝ երիտասարդական ուսումնասիրությունների տեսամեթոդաբանական հենքը և ՀՀ-ում առկա երիտասարդական աշխատանքի փորձը՝ համադրված միջազգային և, մասնավորապես, Հայաստանի հետ համադրելի ժողովրդագրական պատկեր ունեցող և զարգացման ճանապարհ ընտրած եվրոպական մի շարք երկրների փորձով։

Հիմք ընդունելով Հայաստանում երիտասարդների տարիքային միջակայքը սահմանող իրավական, սոցիալական զարգացմանը միտված պայմանները, ինչպես նաև տեղական պրակտիկան և միջազգային մոտեցումները` որպես երիտասարդների տարիքային շեմ առաջարկվում է սահմանել 13-35-ը: Այս տարիքային տիրույթում են կենտրոնացված հայ հասարակության մեջ երիտասարդների ամբողջական զարգացմանն ու բարեկեցությանն աջակցելուն ուղղված առաջնահերթությունները։

Նախագծով սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-ից 35 տարեկան է, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը:

 

Նախագծով սահմանվել է նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին հասկացությունը, որը ՀՀ ողջ տարածքում միավորում է երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ներկայացնում երիտասարդների շահերն ու իրավունքներն ազգային ու միջազգային մակարդակներում։

Փաստաթղթով սահմանվել են նաև ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքներն ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունները և գործառույթները, կարգավորվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:

Այսպիսով՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները:

 

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

  • Կիսվել: