հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Նախագահը կշարունակի համագործակցել Պողոսյան ընտանիքի հետ՝ հետագայում սահմանելու նախագահական նոր մրցանակ

Նախագահը կշարունակի համագործակցել Պողոսյան ընտանիքի հետ՝ հետագայում սահմանելու նախագահական նոր մրցանակ

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահականի մեծ դահլիճում ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը:

Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնված այս մրցանակն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի զարգացմանն ու այդ բնագավառներում նշանակալի գործունեության արժևորմանը: Ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում և ամփոփվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

Այսօրվա արարողությանը բժշկագիտության, բնական գիտությունների, ֆիզիկայի, գրականության, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հումանիտար գիտությունների, վիզուալ արվեստների, դասական երաժշտության բնագավառների մրցանակները այդ ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձանց է հանձնել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

Նա շնորհավորել է մրցանակակիրներին՝ ընդգծելով, որ այստեղ է՝ գնահատանքի արժանացնելու նրանց, ովքեր իրենց մշտական տքնաջան աշխատանքի, նվիրվածության ու երազանքների միջոցով նպաստում են հայրենիքի զարգացմանը:

Մրցանակաբաշխության ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքն է ուղղել մրցանակակիրներին՝ այն կարևոր համարելով գիտնականների, մշակույթի ու արվեստի գործիչների վաստակը գնահատելու առումով. «Այս գեղեցիկ մրցանակը, որը սկզբում կոչվում էր նախագահական, հիմա՝ «Պողոսյան մրցանակ», տրվել է 19 տարի շարունակ:

Այսինքն, շարունակական պատմություն է ունեցել և քաջալերել է շատ գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, որպեսզի անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում են ապրում այսօր՝ լավ, վատ, վերելքի կամ դժվարությունների պայմաններում, շարունակեն ստեղծագործել տարբեր ոլորտներում: Հետևաբար, գնահատման իմաստով այս մրցանակը հոյակապ աշխատանք է արել»:

Նախագահն ընդգծել է, որ մեր ժողովրդի առաջին արժանիքներից մեկը հենց ստեղծագործելն է, իսկ այս մրցանակն ուղղված է քաջալերելու ստեղծագործ անհատին: «Ստեղծագործ լինելը հայ լինելու չափանիշներից մեկն է: Յուրաքանչյուր օր հանդիպում ես ստեղծագործ մարդկանց, ովքեր ստեղծագործ են ոչ միայն գիտության մեջ, արվեստում, գեղանկարչության կամ երաժշտության ոլորտներում, այլև՝ արհեստից մինչև բարձր արվեստ,-ասել է նախագահը:

-Հետևաբար, կարծում եմ, որ այս մրցանակը կարևոր դեր է ունեցել մեր գիտնականների, արվեստագետների, արվեստաբանների, գրականագետների երկար տարիների աշխատանքի արդյունքների քաջալերման և գնահատման իմաստով և, իհարկե, ամեն տարի քաջալերանք է եղել երիտասարդ գիտնականների, մշակույթի աշխատողների և ուսանողների համար: Շատ էական է, որպեսզի յուրաքանչյուր արվեստագետ, գիտնական, մտավորական զգա, որ իր ժողովրդի ուշադրության կենտրոնում է:

Իրականում մրցանակը ժողովրդի վերաբերմունքն է և հարգանքը: Հետևաբար, այս տարվա բոլոր մրցանակակիրներին մաղթում եմ, որ շարունակեն գիտական և մշակութային գործունեությունը, իսկ երիտասարդ մրցանակակիրները պետք է գիտակցեն, որ այսօր նրանց առջև ոչ միայն Հայաստան աշխարհն է, այլև՝ ընդհանրապես աշխարհը: Նրանք ճանապարհ ունեն այդ աշխարհը գրավելու, և պետք է միշտ հիշեն, որ հայրենիքն իրենց կողքին է լինելու»:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել «Պողոսյան» հիմնադրամին՝ ի դեմս համահիմնադիր Ժան Պողոսյանի, այն նշանակալի ներդրման համար, որ 1990-ականներից սկսած նրանք կատարել են Հայաստանում՝ իրականացնելով տասնյակ հումանիտար ծրագրեր, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մրցանակաբաշխության կազմակերպման համար:

Նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ հայտնել է, որ շարունակելու է համագործակցել նաև Պողոսյան ընտանիքի հետ՝ հետագայում սահմանելու նոր նախագահական մրցանակ, որը կունենա ավելի լայն ընդգրկում և միջազգային մակարդակ:

  • Կիսվել: