ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի խոսք է ուղղել ՌԱԿ 29-րդ համագումարի պատվիրակներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի խոսք է ուղղել ՌԱԿ 29-րդ համագումարի պատվիրակներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի խոսք է ուղղել ՌԱԿ 29-րդ համագումարի պատվիրակներին:

՛՛Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սրտանց ողջունում եմ Ռամկավար ազատական կուսակցության 29-րդ համագումարի բոլոր մասնակիցներին:

Ավելի քան մեկ դար կուսակցությունն իր գործունեությամբ անմնացորդ ծառայել է աշխարհասփյուռ հայության և Սփյուռքի հայկական համայնքների հասարակական կյանքի հիմնահարցերի լուծմանը:

Ստեղծման օրվանից Ռամկավար ազատական կուսակցությունը ձեռնամուխ եղավ ինչպես համահայկական օրակարգի խնդիրների լուծման, այնպես էլ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործին՝ հետագայում նշանակալի դեր ունենալով հայերի ներգաղթի կազմակերպման մեջ:

Անուրանալի է կուսակցական նշանավոր գործիչներ Վահան Թեքեյանի, Արշակ Չոպանյանի, Միհրան Տամատյանի և այլոց վաստակը հայ քաղաքական, հրապարակախոսական և գրական մտքի զարգացման գործում:

Ռամկավար ազատական կուսակցությունն իր ուրույն դերակատարությունն է ունեցել և ունի հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում և իր պատմությամբ ու անցած ճանապարհով արժանի է բարձր գնահատանքի: Հայաստանի անկախացումից հետո ավանդական կուսակցությունն իր սկզբունքային վարքագծով մշտապես կանգնած է եղել մեր պետականության կողքին՝ սերմանելով այնպիսի արժեքներ և ավանդույթներ, որոնք միտված են միմիայն մեր պետականության ամրապնդմանն ու մեր երկրի և քաղաքացիների միասնականությանը:

ՌԱԿ 29-րդ համագումարը լավ առիթ է անցած ճանապարհը նորովի արժևորելու, զարգացման նոր ուղենիշեր սահմանելու համար: Համոզված եմ, որ կուսակցությունը շարունակելու և ընդլայնելու է իր ստեղծարար ներկայությունը Հայաստանի և ողջ հայության կյանքում:

Համագումարի պատվիրակներին մաղթում եմ բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր հայրենակիցների բարօրության՛՛,-ասել է նախագահը:

  • Կիսվել: