հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առնչվող խնդիրները

Նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առնչվող խնդիրները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով որեւէ պետության զինված ուժերի կազմում զինվորական ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ,ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասինե օրենսդրական փաթեթը:

Նշվել է, որ համաձայն գործող օրենսդրության? 18-27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ` ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում եւ իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ: Եթե մինչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է:

Պատգամավորի հավաստմամբ նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ` առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար` նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Նշվել է նաեւ, որ 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, երկրորդ` զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ, երրորդ` զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ, չորրորդ կետով` զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ, իսկ հինգերորդ կետով առաջարկվում է զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ:

Հարակից զեկուցող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, կարեւորելով նախաձեռնության ընդունումը, նույնպես կողմ է արտահայտվել լրացուցիչ քննարկումների կազմակերպմանը:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ըստ նրա` գործադիրը որոշ հարցերի վերաբերյալ առաջարկել է վերապահումներ: Կառավարությունն առաջարկել է նաեւ ժամկետների փոփոխություններ` «24 ամիս ժամկետով» բառերը փոխարինել «30 ամիս ժամկետովե բառերով» «12 ամիս» բառերը փոխարինել «15 ամիս» բառերով, «6 ամիս» բառերը փոխարինել «7 ամիս 15 օր» բառերով:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել նաեւ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անընդունելի է համարել գումարով զինվորական ծառայությունից ազատվելը: Նա առաջարկել է հեղինակի հետ քննարկել այդ հարցը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է խնդրահարույց հարցերը քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է իր դիտարկումը հարցի վերաբերյալ եւ գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Համակողմանի քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին:

  • Կիսվել: