Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը 2023 թվականին ներդրվել է հանրապետության ողջ տարածքում
2022 թվականին նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվել է 3 մարզերում և Երևան քաղաքում, իսկ 2023 թվականին՝ հանրապետության ողջ տարածքում:
Այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում: Ըստ նրա՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գնահատվել է 1053 երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ կարիք, որոնց նախադպրոցական կրթությունն իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի հաշվին:
«Համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում կտրամադրվի նաև զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաներին: ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք, ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաներին»,-ասաց նախարարի տեղակալը:
Նա նշեց նաև, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար նախադպրոցական կրթություն կստանան նաև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները:
«2023 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պետական բյուջեի միջոցների հաշվին պարտադիր վերապատրաստումները: Գործընթացն ավարտական փուլում է, ներգրավված է շուրջ 1500 մասնագետ:
Սվաջյանը նշեց նաև, որ շարունակվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի հիման վրա ստեղծված կրթական ծրագրերի փորձարկումը և աստիճանական ներդրումը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում: 2023 թվականին գործընթացում ներառվել է ևս 130 նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Նախարարի տեղակալը կարևորեց այն, որ հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը:
«ՀՀ-ում առաջին անգամ՝ վարձատրության բարձրացման նպատակով, կամավոր ատեստավորվել և այժմ փաստացի լրավճար են ստանում սպորտի և մշակույթի 40 մանկավարժական աշխատողներ։ 2023 թվականի արտադպրոցական ոլորտի կամավոր ատեստավորման համար հատկացվել է 28 մլն 3 հազար 560 դրամ։
Հաստատվել են արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքներն՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը: Այն կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, որի ապահովումը ենթադրում է արտադպրոցական կրթական ծրագրերի արդիականացում, լրամշակում, ինչպես նաև պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կրթական ծրագրերի թափանցիկության ապահովում»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ մշակվել և շրջանառության մեջ է դրվել պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Կատարված կարգավորումների արդյունքում հաստատություններում կբարձրանա արտադպրոցական կրթության գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, հաստատության խորհրդակցական մարմինների, արտադպրոցական կրթության գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը հնարավորինս անխոչընդոտ կընթանա: