Նա գրել-կարդալ չի իմացել, բայց սովորեցրել է ինձ աղոթել. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր նախատատի մասին
Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ցեղասպանությունից փրկված իր նախատատի մասին է պատմել իր թվիթերյան էջում:
Նա նշել է, որ իր նախատատիկը՝ Նարտուհի Ներսեսյանը գրել, կարդալ չի իմացել, սակայն սովորեցրել է իրեն աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից, գրեթե բոլորից, բացի նրանցից, որոնց ձեռքին յաթաղան կա:
Սիմոնյանը պատմել է, որ ողջ են մնացել իր նախատատ Նարտուհին և նրա փոքր քույրը՝ Ալիսան, որի պատվին ավելի ուշ անվանել են իր փոքր քրոջը: Քույրերի աչքի առաջ գլխատել են ծնողներին, քույրերին ու եղբայրներին:
Նա գրել է. «Նրանց հայրը մահից առաջ հասցրել է նրանց մեկական ոսկեդրամ տալ: Նրանց երկուսին էլ, որոնք կապուտաչյա էին և բաց գույնի մաշկ ունեին, վերցրել են թուրք ընտանիքները: Նրանք թուրքական ընտանիքում են մեծացել, մինչև Նենեգային գտել են ողջ մնացած հարազատները և օգնել են փախչել Ղրիմ»:
Այսպես է նրա ընտանիքի հորական կողմը հաստատվել ռուսական Ղրիմում:
Սիմոնյանը շարունակել է. «Մենք չգիտենք, թե ինչ է պատահել նենեգայիս քրոջ՝ Ալիսայի հետ: Մյուս նախատատս Ցեղասպանության ժամանակ 5 տարեկան է եղել: Նախքան թուրքերն իրենց տուն կներխուժեին, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ և կանգնեցրել պատի մոտ: Նա այդպես էլ մնացել է գորգի մեջ փաթաթված, մինչև որ նրան գտել են հարևան թուրքերը: Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո ոչ ճիշտ ռուսերեն խոսքը և այն ամենը, ինչ դու պատմել ես ինձ, և ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ»:



