երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է․ Ժաննա Անդրեասյանը՝ Կատարի նորանշանակ դեսպանին

Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է․ Ժաննա Անդրեասյանը՝ Կատարի նորանշանակ դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա նշանակումը կնպաստի Հայաստան-Կատար փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ նշելով այդ ուղղություններով առկա ներուժը։

Դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հանձնառությունը՝ ակտիվորեն նպաստելու երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը՝ առանձնահատուկ կարևորելով կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները՝ որպես համագործակցության առանցքային ուղղություններ։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները կարող են նպաստել ոչ միայն ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը, այլև ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամական հարաբերությունների խորացմանը։

Դեսպանը նաև նշել է, որ հայկական համայնքի հետ ունեցած շփումները մեծ ազդեցություն են թողել իր վրա՝ ընդգծելով, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու պատմությունը պետք է առավել լայն ներկայացվեն Մերձավոր Արևելքում։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ Կառավարություն այն դիտարկում է ռազմավարական առաջնահերթություն՝ երկարաժամկետ զարգացման և մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման տեսանկյունից։ Այս համատեքստում նա անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանը՝ առաջարկելով դիտարկել ուսանողների, ակադեմիական անձնակազմի և հետազոտողների շարժունակության խթանումը, ինչպես նաև հմտությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։

Նախարարը ներկայացրել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ ընդգծելով, որ միջազգային համագործակցության շրջանակում կարող է դիտարկվել նաև Կատարի՝ սպորտային բարձրակարգ ենթակառուցվածքների ստեղծման փորձը։

Իր հերթին Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինին տեղեկացրել է՝ հայկական կողմին կարող է հետաքրքիր լինել Կատարում գործող «Կրթական քաղաքը» (Education City), որտեղ տեղակայված են մի շարք համալսարաններ, ուսանողական հանրակացարաններ և գիտատեխնոլոգիական կենտրոններ։

Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը․ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է։ Այս համատեքստում կարևորվել է Կատարում հայկական մշակույթի անկյան բացումը, որը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունից տարված «Ազատություն շղթաներից» արվեստի գործի տեղադրմամբ։

Քննարկվել է նաև Կատարում Հայաստանի մշակույթի օրերի, ինչպես նաև Հայաստանում Կատարի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։

  • Կիսվել: