չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մոլորակի ժամը 2022. Մեկ ժամով կանջատվի Երեւանի եւ այլ քաղաքների փողոցային լուսավորությունը

Մոլորակի ժամը 2022. Մեկ ժամով կանջատվի Երեւանի եւ այլ քաղաքների փողոցային լուսավորությունը

Մարտի 26-ին Հայաստանը կմասնակցի WWF Հայաստանի կողմից իրականացվող «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիային՝ մեկ ժամով անջատելով Երեւան քաղաքի եւ այլ քաղաքների արտաքին եւ փողոցային լուսավորությունը:

Իրազեկման այս համաշխարհային արշավի նպատակն է՝ համախմբել հանրությանը, գործարար ոլորտին, համայնքներին եւ այլ շահագրգիռ կողմերին լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման: «Մոլորակի ժամը» նախաձեռնությունը առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Տարեցտարի ակցիան ձեռք է բերում մեծ հեղինակություն՝ ապահովելով ավելի քան 1մլրդ-ից ավել բնակչության մասնակցություն ողջ աշխարհում:

«Մոլորակի ժամը՝ աշխարհի ամենամեծ շարժումը շրջակա միջավայրի համար, պատրաստվում է եւս մեկ անգամ միավորել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում՝ ցույց տալու նրանց նվիրվածությունը մոլորակին: Մինչ մենք շարունակում ենք մեր կյանքը հարմարեցնել COVID-19-ի ազդեցությանը եւ վերջին երկու տարիների աղետալի իրադարձություններին, «Մոլորակի ժամը 2022-ը» նպատակ ունի ազդարարել նոր դարաշրջան, որտեղ առաջնահերթությունն են մարդիկ եւ մոլորակը: Ուստի WWF Հայաստանի կողմից կազմակերպվող «Մոլորակի ժամը»-ը շեշտում է «Միացի՛ր Մոլորակին» գաղափարախոսության կարեւորություննը,» - ասել է WWF Հայաստանի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։

Այս տարի «Մոլորակի Ժամը 2022» միջոցառումը կանցկացվի Երեւանի Բուսաբանական այգում, ժամը 15:00-ից մինչեւ 21:30:

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) աշխարհի առաջատար բնապահպանական կազմակերպությունն է, որն աշխատում է մեր մոլորակի բնական պաշարների պահպանության ուղղությամբ: WWF-ի առաքելությունն է դադարեցնել մոլորակի բնական միջավայրի դեգրադացումը եւ կառուցել ապագա, որտեղ մարդիկ ապրում են բնության հետ ներդաշնակ:

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) գլխավոր առաջնահերթություններից են վտանգված կենդանատեսակների պահպանումը, Հայաստանի պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր եւ այլն), էկոհամակարգերի պահպանումը եւ վերականգնումը, կլիմայի փոփոխության մեղմացումը եւ  հարմարեցումը, տեղական համայնքների համար այլընտրանքային կենսապահովման տնտեսական մեխանիզմների ներդրումը` բնական ռեսուրսների կայուն օգտագործումը խթանելու եւ կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով:

  • Կիսվել: