ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մոդուլյար տեխնոլոգիաներում ատոմային ռեակտորի վթարը համարվում է լոկալ միջադեպ․ Փաշինյանը՝ նոր ատոմակայանի վերաբերյալ քննարկումների մասին

Մոդուլյար տեխնոլոգիաներում ատոմային ռեակտորի վթարը համարվում է լոկալ միջադեպ․ Փաշինյանը՝ նոր ատոմակայանի վերաբերյալ քննարկումների մասին

Կան հիմա նոր տեխնոլոգիաներ, կան մեր իմացած ատոմակայանները, և կան մոդուլյար ատոմային էլեկտրակայաններ, և 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները մի տեղեկատվություն կիսեցին մեզ հետ, որն ունի, իմ կարծիքով, կենսական նշանակություն, և մենք պետք է իմանանք մեր հետագա քննարկումների և որոշումներ կայացնելու համար: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ տեղեկատվությունը հետևյալն է. որ մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ որ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ: Ի՞նչ է դա նշանակում: Եթե մոդուլյար ատոմակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, երբ որ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է. բոլոր դեպքերում և առավել ևս միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը, իհարկե, շատ կարևոր է»,- նշեց վարչապետը։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանն էլ ասաց, թե տեղեկատվությունը ստացել են նախագծող կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում, սակայն իրական տվյալները դիտարկելու համար անհրաժեշտ է տեսնել հաշվարկային տվյալները։

«Իսկ դրանք բավականին ամուր շղարշի տակ են պահված ու որպեսզի կարողանանք հասանելի դարձել Հայաստանի մասնագետներին, որոշակի համաձայնագրեր կան, որ պետք է ստորագրվեն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցը քննարկվել է ՀՀ անվտանգության խորհրդում ու կայացվել է որոշում, որ պետք է գնալ անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրման ճանապարհով։

«Ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր տարբերակները, թե որն է Հայաստանի շահերին առավել համապատասխան, այս պահին չենք կարող ունենալ վերջնական որոշում»,- ընդգծեց վարչապետը՝ շեշտելով, որ հիմա անհետաձգելի են համարում Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ինստիտուտցիոնալ կարողությունները ուժեղացնելը։

«Շուտ պետք է արած լինեինք, բայց լավ է, որ գոնե հիմա ենք անում»,- հավելեց նա։

  • Կիսվել: