ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Հորիզոններ» կրթական ծրագրի ամառային ճամբարի մասնակիցներին

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Հորիզոններ» կրթական ծրագրի ամառային ճամբարի մասնակիցներին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այցելել է Արատես դպրական կենտրոն, որտեղ անցկացվում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ամառային ճամբարը։

Մասնակիցներին ողջունելու էին եկել նաև ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը և «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը:

«Ամառային ճամբարի մասնակիցների հետ զրույցի ընթացքում նշեցի, որ այս ծրագիրն իրենց համար հրաշալի հնարավորություն է ստեղծում ստանալ նոր հմտություններ ու գիտելիքներ և դրանք կիրառել աշխատանքի մեջ։

Դեռևս հանրակրթության մակարդակում աշակերտը պետք է ճանաչի այն բնակավայրի, համայնքի առանձնահատկություներն ու հնարավորությունները, որտեղ ինքն ապրում է։ «Հորիզոններ» ծրագրի հիմքում ընկած է աշխատանքի վրա հիմնված ուսուցման հեռանկարային մոդելը՝ դուալ համակարգը, որն աշակերտներին օգնելու է կարճ ժամանակամիջոցում դառնալ որակյալ մասնագետ և աշխատանքի անցնել մասնավոր ու հանրային ոլորտներում:

Ճամբարի մասնակիցների հետ զրույցում վստահություն հայտնեցի, որ այսօրինակ ծրագրերի արդյունքում մարզաբնակ երիտասարդները բարեկեցություն են փնտրելու ոչ թե մայրաքաղաք Երևանում կամ, առավել ևս, արտերկրում, այլ իրենց հարազատ բնակավայրերում։

Ամառային ճամբարի ավարտից հետո աշակերտներն արդեն սեպտեմբերից հնարավորություն կունենան իրենց դպրոցներում սովորել խաղողագործություն, գինեգործություն, մարքեթինգ և տուրիզմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

  • Կիսվել: