չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Mitsubishi-ն Ափնա գյուղի տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Mitsubishi-ն Ափնա գյուղի տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Էդվարդ Ն․-ն իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Լյովա Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։Օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են և դեպքի վայրում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է նույն վաշտի պարեկներ Խաչիկ Թովմասյանի և Տիգրան Բարսեղյանի կողմից։Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի ծառայողական գծով տեղակալ Խալաթյանի գլխավորությամբ։Դեպքի մասին Ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: