Մինչև հիմա 44-օրյայից չվերադարձածների անուններով վարկերը հարազատները փակում են․ դա բարոյական խնդիր է. Գեղամ Նազարյան
Տեղեկություններ ունեմ, որ մինչև հիմա պատերազմում զոհված մարդկանց անուններով վարկերը նրանց ծնողներն ստիպված են լինում մարել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին։
«ԿԲ-ն չի՞ կարող բանկերին պարտադրել այդ հարցերը կարգավորել, դա բարոյական խնդիր է, որովհետև ցավ է պատճառում մարդուն, երբ զանգում են ու ասում՝ այսինչ-այսինչյանը այսինչ օրը պետք է վարկը փակի», - ասաց պատգամավորը։
Արձագանքելով այս դիտարկմանը՝ ԿԲ նախագահը խնդրեց կոնկրետ տեղեկատվության առկայության դեպքում իրեն փոխանցել տվյալները, քանի որ համակարգի հետ կա պայմանավորվածություն։
«Համակարգը դա չի արել ԿԲ-ի ճնշման կամ դրդման ներքո, արել է Ձեր ներկայացրած բարոյական պարադիգմայի ներքո։ Եթե չեմ սխալվում, անցած ու նախանցած տարվա ընթացքում 3 միլիարդից ավելի վարկ է ներվել զոհվածների հարազատներին։ Եթե կան բացառիկ դեպքեր, խնդրում եմ դա չդարձնել ընդհանուրի մաս, այլ դիտարկենլ որպես բացառիկ դեպք, և այդ բացառիկ դեպքին լուծում կտանք։ Խնդրում եմ ինձ տվեք հստակ տվյալները, մենք դրանով կզբաղվենք, որովհետև ընդհանուր համակարգի կողմից միտումն այն է, որ դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնենք», - նշեց Մարտին Գալստյանը։


