հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին

Միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին

Ապրիլի 29-ին Գլաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին: Ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և վիրավորում ստացած հերոսների ծնողներ, հարազատներ և այլ հյուրեր:

Միջոցառումն սկսվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: Դպրոցի աշակերտական խորհուրդը, պատմության ուսուցչուհի Սոֆյա Գալստյանի նախաձեռնությամբ, հանդես է եկել հայրենասիրական, գրական-երաժշտական կատարումներով, ներկայացրել Դավիթ Դավթյանի կյանքի ուղին՝ դպրոցից մինչև համալսարան ու զինվորական կյանք:

Դավիթ Արմանի Դավթյանը ծնվել է 2002թ. հունվարի 16-ին՝ Վայոց ձոր մարզի Գլաձոր բնակավայրում: 2008թ. հաճախել է տեղի միջնակարգ դպրոց, սովորել գերազանց: Զորակոչվելով հայկական բանակ՝ ծառայել է Հադրութի զորամասում և սիրով կրել իր զինվորական համազգեստը: Դավիթը քաջաբար ընկել է Շուշիի մատույցներում՝ նոյեմբերի 8-ին:

Գլաձորի միջնակարգ դպրոցի տնօրինությունը, տնօրենի գլխավորությամբ, շնորհակալագրեր է հանձնել դահլիճում ներկա հերոսների ծնողներին և հարազատներին: Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից, երախտիքի խոսքեր է ուղղել զոհված և վիրավոր հերոսների հարազատներին և շնորհակալություն հայտնել միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոսներին, ովքեր անմահանալով՝ դարձան հավերժի ճամփորդ: Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ ենք: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր վիրավոր եղբայրներին, ովքեր պիտի շարունակեն իրենց ընկերների կիսատ թողած գործը:

Մենք պարտավոր ենք շարունակել այն սխրական մեկնարկը, որը տվել են մեզ մեր հերոս տղաները: Ցավոք սրտի, պատերազմը դեռ չի ավարտվել, և մենք դեռ շատ մարտահրավերներ ունենք մեր առջև: Մենք պարտավոր ենք մեր որդիների արժանապատիվ քայլն արժևորել ամեր օր, ամեն վայրկյան՝ մեր հայրենիքը շենացնելով»,- նշել է Նանե Ասատրյանը:

Միջոցառումը շարունակվել է Դավիթ Դավթյանի անունով անվանակոչված դասասենյակում, որտեղ ցուցադրվում էին Դավիթի, ինչպես նաև Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակից հերոսների իրերն ու լուսանկարները:

«Դավթի անունն է կրելու դպրոցի այս դասասեյնակը, քանի որ նա իր ապրած կյանքով ու կատարած սխրանքով վաստակել է անմահության իրավունքը: Նրա անունն այսուհետ կապրի մեր սրտերում և մեզ հետ: Նրա անվան սենյակը այսուհետ կդառնա հայրենասիրության դարբնոց»,- նշել է դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանը:

Միջոցառման ավարտից հետո ներկաները հարգանքի տուրք են մատուցել Դավիթ Դավթյանի հիշատակին՝ այցելելով նրա շիրիմին:

  • Կիսվել: