հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Առաջարկվում է ստեղծել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի միասնական էլեկտրոնային հարթակ

Առաջարկվում է ստեղծել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի միասնական էլեկտրոնային հարթակ

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների, Արդարադատության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները: Նիստին մասնակցել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, բազմաբնակարան շենքերի կառավարման և քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներ:

Քննարկվել են ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարելավման տարբերակներ, որոնք կնպաստեն բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ու պահպանմանը: Մասնավորապես՝ դիտարկվել են կառավարման մարմինների ընտրությունների իրական ինստիտուտի զարգացման հնարավորությունները:

Ներկաները քննարկել են նաև Երևանի «Նորավան» համատիրության կառավարչի առաջարկը՝ օրենսդրությամբ ամրագրելու պահանջ՝ բազմաբնակարան շենքի շինության (բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի) օտարման ժամանակ այդ գույքի գծով պարտադիր նորմերի և այլ աշխատանքների իրականացման համար սահմանված վճարի վերաբերյալ զրոյական տեղեկանք ներկայացնելու համար:

Քաղաքաշինության կոմիտեի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբին իրենց ընկերության փորձն է ներկայացրել Կանադայում բազմաբնակարան շենքերի կառավարում իրականացնող հայկական «ArTi management» ընկերության համահիմնադիրը, ով մանրամասն տեղեկատվություն է հայտնել շենքերի կառավարումը հեռավար կազմակերպելու, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների տնօրինմանն առնչվող խնդիրները կարգավորելու վերաբերյալ:

  • Կիսվել: