հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Միասնական սոցիալական ծառայության պետն այցելել է աղետի գոտում գտնվող բնակավայրերը սպասարկող ՄՍԾ տարածքային կենտրոններ

Միասնական սոցիալական ծառայության պետն այցելել է աղետի գոտում գտնվող բնակավայրերը սպասարկող ՄՍԾ տարածքային կենտրոններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանն աշխատանքային խմբի հետ այցելել է աղետի գոտում գտնվող բնակավայրերը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններ։

Կենտրոններում տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց ժամանակ ՄՍԾ պետին ներկայացվել են տարածքային կենտրոնների կողմից մայիսի 26-ից արտակարգ ռեժիմով իրականացված աշխատանքները, այդ թվում՝ սեփական բնակարաններից տարհանված ընտանիքների առաջնային սոցիալական կարիքների գնահատման արդյունքները։

Տարածքային կենտրոնների տնօրենները ներկայացրել են, որ տարհանված 87 (319 անձ) ընտանիքների առաջնային կարիքների գնահատումն արդեն ավարտված է, և համապատասխան էլեկտրոնային հարթակում հասանելի են մարզպետարանի և համայնքապետարանների համար։

Նշվել է, որ ըստ նախնական տեղեկատվության՝ տարհանված քաղաքացիների առաջնային անհրաժեշտության կարիքները (սնունդ, հագուստ, դեղորայք) ամբողջությամբ բավարարված են. կապը քաղաքացիների հետ կրում է շարունակական բնույթ, և, ըստ անհրաժեշտության, տարածքային կենտրոնները, համագործակցելով համայնքների և աջակցող ցանցի հետ, պատրաստ են խնդիրներին արագ արձագանքել։

Ծառայության պետը լսել է նաև տարածքային կենտրոնների աշխատակիցներին, նրանց կողմից վեր հանված խնդիրները և առաջարկները, պատասխանել ընթացիկ աշխատանքների հետ կապված նրանց հուզող հարցերին և տվել համապատասխան հանձնարարականներ՝ հետևողական և շարունակական միջոցառումներ իրակականցնելու անհրաժեշտության մասին:

Տարածքային կենտրոններում խորհրդակցության ավարտից հետո աշխատանքային խումբը ՄՍԾ պետի գլխավորությամբ այցելել է նաև հեղեղումից տուժած տարածքներ՝ տեղում իրավիճակին և քաղաքացիներին հուզող սոցիալական խնդիրներին ծանոթանալու համար։

  • Կիսվել: