Աբխազիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Գագրայի Հայ Առաքելական եկեղեցում ավելի քան 50 մարդ է ներկա գտնվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցած ժամերգությանը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պատմել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Լեւոն Գալուստյանը, հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն:
«Պաշտոնապես Աբխազիայի հայ համայնքը մարդկանց չի հավաքել եւ լայնորեն չի բարձրաձայնել այս իրադարձության մասին, բայց ավելի քան 50 մարդ հավաքվեց: Մարդիկ եկել էին հոգու կանչով` սպանվածները հիշատակը հարգելու եւ մոմեր վառելու համար: Քահանան սգո աղոթ կարդաց, ելույթ ունեցավ Գագրայի շրջանի Աայ համայնքի ղեկավարը»,- հավելել է նա:
Գալուստյանի խոսքով` Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի նման իրադարձություններ այլեւս երբեք չկրկնվեն: «Յուրաքանչյուր հայ եւ առողջ մտածող մարդու սրտում հույս կա, որ մի օր Թուրքիայում կճանաչեն այս պատմական իրադարձությունը: Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ այս պատմությունը կրկնվի նաեւ այլ ժողովուրդների ճակատագրերում: Երբ հայ հասարակությունը նշում էր Ցեղասպանության 100-ամյակը, մենք ենթադրում էինք, որ Թուրքիայի պաշտոնական իշխանությունները կընդունեն փաստը, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,- ասաց նա:
«Աբխազիայում ապրող համշենահայերը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհերի ուղիղ հետնորդներն են, այդ թվում նաեւ` իմ ընտանիքը: Երբ մենք նշում ենք այս օրը, մենք մտովի վերադառնում ենք այն ժամանակ, երբ Աբխազիայի եղբայրական ժողովուրդն օգնության ձեռք մեկնեց մեզ: Ես այս պատմությունն անպայման կփոխանցեմ իմ երեխաներին, որպեսզի նրանք հարգեն եւ հիշեն այն»,- ասել է Գալուստյանը:



