ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սելավատարի ողողման հետևանքով 18 վագոն ցորեն տեղափոխող էլեկտրաքարշը գծերից դուրս է եկել

Սելավատարի ողողման հետևանքով 18 վագոն ցորեն տեղափոխող էլեկտրաքարշը գծերից դուրս է եկել

Լոռու մարզում սելավատարի ողողման հետևանքով Սանահին-Հաղպատ ճանապարհին 18 վագոն ցորեն տեղափոխող էլեկտրաքարշը գծերից դուրս է եկել, ջուրը ողողել է ողջ վագոնները։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին-Հաղպատ հատվածում ՊԿ 2606 թիվ 514 էլեկտրաքարշի առջևի հատվածը գծերից դուրս է եկել և կիսակողաշրջվել: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը և Ոստիկանության Թումանյանի բաժնի խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջինյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության խումբը և  նույն վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրմանատարի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են «Հարվկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները:

Էլեկտրաքարշը տեղափոխում էր Ախթալայից-Եղվարդ 18 վագոն ցորեն և «Հարվկովկասյան ընկերության» մասնագետներն աշխատանքներ են կատարում վագոնը ռելսերի վրա դնելու ուղղությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ անձրևաջրերի վարարման հետևանքով սելավատարից ջուրը դուրս է եկել ու ողողել մի քանի կմ հատված, այդ թվում՝ երկաթգիծը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է, որ տուժածներ չկան։

  • Կիսվել: