շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մի՛ տրվեք սոցցանցերում ապատեղեկատվական տեսանյութերին, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները

Մի՛ տրվեք սոցցանցերում ապատեղեկատվական տեսանյութերին, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները

Օրերս սոցիալական ցանցերից մեկում տարածվել էր «ուսուցողական տեսանյութ» նախաբանով մի տեսանյութ, որում տրանսպորտային միջոցի վարորդը կասկածի տակ է դնում պարեկային ծառայողի կողմից տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափման գործընթացի իրավաչափությունը, նաև պնդում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը պաշտոնապես հրապարակված չէ, ուստի վարչական տույժ նշանակելու մասին որոշումն իրավաչափ չէ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Միաժամանակ, տեսանյութով կոչ է արվում մյուս վարորդներին՝ ևս գործել նման կերպ։ Արդյունքում, ՀՀ վարորդների շրջանում մեծամասնություն կազմող օրինապահ քաղաքացիների մոտ կարող է առաջանալ անվստահություն՝ պարեկային ծառայողի գործողությունների և կայացրած որոշումների նկատմամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել,  գործող է, իսկ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը հրապարակված է ՀՀ պաշտոնական իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am կայքում, այսինքն՝ պատշաճ հրապարակված է։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության:

Տեղեկացնում ենք նաև, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով պարեկային ծառայողին լիազորություն է տրված Ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչն իր մեջ ներառում է նաև կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափելով ստուգելը։

Վարորդի կողմից զննության իրականացմանը խոչընդոտ ստեղծելու դեպքում պարեկային ծառայողն իրավասու է պահանջել դադարեցնել խոչընդոտող գործողությունները, իսկ օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքում՝ իրավախախտների նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոցներ։

Հարգելի՛ վարորդներ, խնդրում ենք չտրվել սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է ձեր իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով։

  • Կիսվել: