«Մի´ սադրեք, մեկնաբանություններ չեմ կարող տալ». մանկապարտեզի տնօրենը` դայակներին վիրավորելու մասին
Մանկապարտեզն իր բնական հունով աշխատում է, պահպանված են ռեժիմային բոլոր պահերը՝ ելնելով երեխաների անհատական շահերից և առհասարակ մանկապարտեզի բոլոր գործառույթներից, տեղեկատվությունը այս պահին այսքանն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը՝ անդրադառնալով աշխատակիցների ու ծնողների բողոքներին, որոնք պահանջում են աշխատանքից հեռացնել տնօրենին։
Անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, տնօրենն ասաց. «Մեկնաբանություններ չեմ կարող տալ, ես վերջերս էմ վիրահատվել, խնդրում եմ այս պահին ինձ թողեք հանգիստ, ես առողջական խնդիրներ ունեմ և այս պահին ինձ ուղղակի վատ եմ զգում, այսքանով սահմանափակում ենք»։
Դիտարկմանը, որ ինքն ասել է. «մորգից բացի ուրիշ տեղ չի կարող աշխատել», նա ասաց. «Խնդրում եմ չսադրել, չստեղծել լարված իրավիճակ, թույլ տալ հաստատությունը իր բնականորեն հունով աշխատի, ինչպես այս պահին աշխատում է»։
Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք վիրավորել է դայակներին, և մտավ իր աշխատասենյակ, որը հսկում էին ոստիկանության աշխատակիցները։
Նշենք, որ ծնողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով աշխատանքից ազատել մանկապարտեզի տնօրենին. նրանք պնդում են, որ նորանշանակ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ճնշում է գործադրում մանկապարտեզի աշխատակիցների վրա, սաների ներկայությամբ ստորացնում նրանց:
Ծնողների խոսքով, տնօրենի 1.5 տարվա աշխատանքի ընթացքում արդեն 10 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Թաղապետարանում ծնողներին խոստացել են, որ խնդրին լուծում կտան։


