Մհեր Ավետիսյանը Ռուսաստանի նախագահի պատվոգիր է ստացել
«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը արժանացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգրի։ Այս առիթով նա հանդես է եկել շնորհակալական խոսքով։
Ավետիսյանը, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է արժանանալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շնորհված պատվոգրին։
Այս բարձր գնահատականը համարում եմ ոչ միայն իմ անձնական աշխատանքի արժևորում, այլ նաև բոլոր այն հայրենասեր, պետական մտածողությամբ օժտված Հայաստանի քաղաքացիների գնահատականը, ովքեր իրենց կարևոր առաքելությունն են համարում հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը։
Մենք գիտակցում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը, մեր ժողովրդի անվտանգությունն ու ապագան։
Այսուհետ ևս շարունակելու եմ իմ հնարավորությունների սահմաններում նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը՝ հասարակության մեջ դրանց կարևորությունը ներկայացնելով և արժևորելով։
Համոզված եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը մեր պետության կայուն և անվտանգ ապագայի կարևորագույն երաշխիքներից է»:



