շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեզ համար անհասկանալի է հայկական առաջատար FlyOne Armenia ավիաընկերությանն անհարկի սևացնելու քարոզչության տրամաբանությունը․ Արամ Անանյան

Մեզ համար անհասկանալի է հայկական առաջատար FlyOne Armenia ավիաընկերությանն անհարկի սևացնելու քարոզչության տրամաբանությունը․ Արամ Անանյան

FlyOne Armenia ավիաընկերությունը կրկին հայտնվել է լրատվական հոսքի կիզակետում: Եթե, հուրախություն մեզ, վերջին շրջանում լրատվամիջոցների մեր գործընկերները ավիաընկերության մասին գրում  էին առավելապես նոր չվերթերի բացման և հայաստանյան  ուղևորափոխադրողների առաջատարը դառնալու համատեքստում, ապա, ցավոք, վերջին երկու թեման վերաբերում էին մեզանից անկախ՝ Թուրքիայի կողմից հայաստանյան փոխադրողների համար օդային տարանցման փակմանը (ինչի միակ տուժողը մեր ավիաընկերությունն  էր) և Երևան-Դուբայ-Երևան չվերթի հետ կապված խնդրին: Այս մասին գրել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

±Հարցի առնչությամբ արդեն տվել եմ համապատասխան պարզաբանումներ, և հարկ չկա ընթերցողին ևս մեկ անգամ ծանրաբեռնել տեղի ունեցածի երկարաշունչ բացատրությամբ: 

Այս պարզաբանումն էլ, թերևս, բխում է ընկերության հանրային կապերի քաղաքականության փիլիսոփայությունից:  Մենք երբեք չենք խուսափել մեր թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրների մասին բաց և անկեղծ խոսակցությունից, քանի որ համարում ենք, որ կատարում ենք կարևոր հանրային առաքելություն:

Հիմա գլխավորի մասին:  Ընկերության համար այս պատասխանատու պահին լրագրության ոլորտի մեր բազմաթիվ գործընկերներ խորապես ընկալել են խնդիրների այն թնջուկը, որը ստիպված է հաղթահարել ավիաընկերությունը:  Շնորհակալ եմ նրանց նման ըմբռման համար․ այդ ըմբռնումն ու աջակցությունն է հնարավոր դարձնում այնպիսի բաներ, որոնց մասին բարձրաձայն խոսելու ժամանակը դեռ կգա:  

Մենք շնորհակալ ենք նաև օբյեկտիվ քննադատության համար, որը երբեք չենք ընդունել սվիններով: Միևնույն ժամանակ, հավաստիացնում ենք, որ մեր ուղևորների անվտանգ ու ժամանակին իրենց նշանակման վայրերը հասցնելու հիմնական շահագրգիռ կողմը մնում ենք մենք ու միայն մենք:

Երևան- Դուբայ- Երևան չվերթի պարագայում թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավակարգավորումների դաշտը սահմանում է ավիաընկերության պարտավորություններն ու անելիքները, և եթե մենք որևէ հարցում սայթաքել ենք, ապա հետևելու ենք միջազգայնորեն ընդունելի բոլոր սկզբունքներին:

Այժմ ցավալիի մասին․ անգամ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ մեր  որոշ հայրենակիցներ ձեռնարկելու են քսաներորդ դարի 30-ական թվականների ոճով մտացածին սև ցուցակներ կազմելու ու հրապարակելու արշավ, որի միակ թիրախը լինելու է  FlyOne Armenia ավիաընկերությունը:  Ավելին, նման ցանկերի համար լսարանի հավաքագրումը կատարվելու է ժամանակակից հանրային հարաբերությունների ամենաէժանագին գործիքի՝  սոցիալական ցանցերում գովազդի միջոցով: 

Մեզ համար անհասկանալի է հայկական առաջատար ավիաընկերությանն անհարկի սևացնելու քարոզչության տրամաբանությունը, ավելի քան անհասկանալի է դրա նպատակը: Որևէ ազնիվ մղումի մասին խոսակցությունը նման է փարիսեցիության, քանզի, ըստ էության, FlyOne Armenia հայկական ավիաընկերության ընդլայնմանը խոչընդոտում են հարևան երկրի քաղաքական իշխանությունները և ․․․

Մեր անկեղծ ցանկությունը կենսունակ, մրցունակ և արագ զարգացող ավիաընկերության ստեղծումն է, ինչի համար մենք ներդրել ենք բոլոր ջանքերը՝ ընդլայնելով թե՛ օդանավերի թիվը, թե՛ թռիչքային անձնակազմի քանակը:  Մենք ներգրավել ենք Հայաստանի լավագույն կարող ուժերին, իրականացրել ուսուցման և վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր, օդանավերի պարկը երկուսից հասցրել յոթի, արել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում մեկտեղվեն լրջագույն ավիացիոն կարողություններ:  Այսօր հայկական գրանցում ունեն ընկերության սեփականություն հանդիսացող երկու՝ Airbus A 320 և Airbus A 319 դասերի օդանավերը: Առաջիկայում մեր հանրությանը կներկայացնենք նաև այլ կարևոր նորություններ: Սա դեռ ամենը չէ:

Ի դեպ, տհաճ, անընդունելի և մերժելի է ավիաընկերության գործընկերների ազգային պատկանելիության քամահրական շահարկումը: Այս ամենից այլատյացության և ֆաշիզմի տհաճ հոտ է գալիս․․․

Ամենակարևոր մարդկանց՝ մեր ուղևորների մասին: Մենք շնորհակալ ենք արդեն հայտնի չվերթի մեր բոլոր ուղևորներին, իրավիճակի ըմբռնման ու համբերատարության համար: Մենք հայցում ենք նրանց ներողամտությունն ու ափսոսում, որ նրանց ու իրենց մերձավորներին անգամ փոքր-ինչ անհանգստություն ենք պատճառել: Անելու ենք ամեն ինչ հետայսու նման վիճակները բացառելու համար:

 FlyOne Armenia ավիաընկերությունն, ի տարբերություն շատերի, չի պայքարում ավիացիոն շուկայում մեկօրյա դերի համար: Մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, որ հանրության սպասելիքները FlyOne Armenia-ից ավելին են: Հուսով ենք, որ հանրային նմանօրինակ ուշադրությունը պայմանավորված է բացառապես ազգային բյուջետային փոխադրողից մեր ժողովրդի հույսերով, սպասելիքներով ու ակնկալիքներով:

Միևնույն ժամանակ չէինք ցանկանա, որ օբյեկտիվ քննադատության ու անհարկի շահարկումների այս հորձանուտում կորչի ամենակարևորը՝ մեր բոլորի միասնական ցանկությունը, որ Հայաստանն ունենա ուժեղ, արագ զարգացող և իսկապես ազգային ավիաընկերություն:

Եվ երբ վաղը,  շահարկումների այս ալիքն էլ կմարի և մեր տեղեկատվական տիրույթի հատուկենտ գործող անձինք կանցնեն հերթական ինֆորմացիոն  ոչմիբանա-բուրգերը ծամծմելու գործին, FlyOne Armenia-ն կշարունակի մնալ նույնքան հավատարիմ իր՝ հանրության հետ բաց և հասկանալի, առանց պաճուճանքների ու սեթևեթանքների երկխոսության ոճին․ առավել իմաստնացած ու ուղևորակենտրոն՝ հանուն հայկական ավիացիայի ավելի լավ ապագայի»,- գրել է նա։

  • Կիսվել: