երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մեծ Մասրիկի բնակիչ Արմեն Մանուկյանի ընտանիքում ծնվել է իններորդ երեխան

Մեծ Մասրիկի բնակիչ Արմեն Մանուկյանի ընտանիքում ծնվել է իններորդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Նորածինը տղա է, նրան անվանակոչել են Արեն։  

Մանուկյանների ընտանիքն արդեն ունի 3 տղա և 6 դուստր։

Արմեն Մանուկյանն ու Աննա Շաբոյանը ամուսնացել են 2000-ական թվականների սկզբին, Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղում, ապա բնակության տեղափոխվել Արցախի  Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ գյուղ։ Այնտեղ նրանք ունեցել են ութ երեխա։ Արենն արդեն լույս աշխարհ է եկել Մեծ Մասրիկում։

Մանուկյանների ընտանիքը տեղահանվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ու բնակության տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ բնակարան, տնամերձ հողամաս է ստացել ԱՄՆ Փարոս հիմնադրամի միջոցներով ու օժանդակությամբ։  Ընտանիքին տրամադրվել է նաև կենցաղային տեխնիկա և ոչխարներ՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով։

Արմեն Մանուկյանն այժմ աշխատում է Մեծ Մասրիկի արևային ֆոտովոլտային կայանի շինարարությունում, իսկ Աննա Շաբոյանը զբաղվում է տնային տնտեսությամբ։

  • Կիսվել: