շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր նպատակն անապահով ընտանիքներին աջակցելն է. ԱՍՀ նախարարի տեղակալ

Մեր նպատակն անապահով ընտանիքներին աջակցելն է. ԱՍՀ նախարարի տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ 2020 թ․ դեկտեմբերից «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը գործընկերներ՝ Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը։ Վերջինիս շրջանակում կայացել է «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանություն» փաստաթղթի քննարկումը, որին մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ մշակված և հանդիպման ընթացքում քննարկվող փաստաթուղթը ներկայացնում է սոցիալական դեպքի վարման այնպիսի մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա Միասնական սոցիալական ծառայության և համայնքային սոցիալական աշխատողների միջոցով անապահով ընտանիքների հետ իրականացնել աշխատանքներ՝ ուղղված վերջիններիս սոցիալական ներառմանը, տնտեսական կայունացմանն ու ինքնաբավության ապահովմանը։

«Սոցիալական աշխատողների, միջազգային փորձագետների, ազգային և տեղական մակարդակներում քաղաքականություն մշակող ու իրականացնող մասնագետների հետ անցկացվող այս հանդիպումը նպատակ ունի քննարկել ծրագրի շարունակականությունն ապահովող միջոցառումները, խթանել և ամրապնդել սոցիալական աշխատանքի ինստիտուտը։ Մեր նպատակն անապահով ընտանիքներին աջակցելն է՝ դժվարին իրավիճակից ինքնուրույն քայլերով դուրս գալու և աղքատությունը հաղթահարելու գործընթացում։ Սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատանքի միջոցով ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված ընտանիքները ձեռք կբերեն նոր հմտություններ և կարողություններ, ինչպես նաև տնտեսական ռեսուրսներ՝ իրենց կյանքն առավել բարեկեցիկ ու արժանապատիվ դարձնելու համար»,- նշել է Աննա Ժամակոչյանը։

Իրականացվող ծրագրի շրջանակում Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Արմավիրի մարզերի շուրջ 600 ընտանիք դասընթացների միջոցով կծանոթանա բիզնեսի վարման և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հմտություններին, ձեռք կբերի նոր կարողություններ, որոնք հիմք կհանդիսանան ընտանիքի բարեկեցության ապահովմանը։ Դասընթացներին մասնակցող ընտանիքներից կընտրվեն 300-ը, որոնք կստանան դրամաշնորհներ՝ բիզնես ծրագիրը իրականցնելու համար, որի միջոցով էլ կապահովեն կայուն եկամուտ և դուրս կգան նպաստառու կարգավիճակից։

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միրա Անտոնյանի ներկայացմամբ՝ այդ ընտանիքների ակտիվացման գործում մեծ դեր ունեն սոցիալական աշխատողներն, իսկ ներկայացվող մեթոդաբանությունը հնարավորություն կտա իրենց գործառույթներն իրականացնել արդյունավետ՝ շահառուներին զերծ պահելով տարբեր աջակցությունների ու նպաստների «կախվածությունից», կօգնի դառնալ ինքնուրույն և ինքնազբաղված։

Հանդիպման շրջանակում միջազգային փորձագետները նկարագրել են իրենց երկրներում, մասնավորապես՝ Ավստրիայում և Ռումինիայիում, սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության կիրառմամբ աղքատության հաղթահարման փորձը։ Հրավիրված մյուս բանախոսները ներկայացրել են սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության մոտեցումների, դրանց տեղայնացման հիմնախնդիրների, փաստաթղթի հիմնական դրույթների մասին իրենց դիտարկումներն ու առաջարկները։

  • Կիսվել: