հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեր անելիքների կարևոր մասն է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների արդյունավետության ապահովումը. Գնել Սանոսյան

Մեր անելիքների կարևոր մասն է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների արդյունավետության ապահովումը. Գնել Սանոսյան

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նախարար Գնել Սանոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետները, համայնքապետները և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
 
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը ողջունել է բոլորին և շնորհավորել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 27-ամյակի կապակցությամբ։
 
«ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին շնորհավորում եմ այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթելով հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում: Մեր անելիքների կարևոր մի մասն է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների արդյունավետության ապահովումը։ Այս առումով հատկապես պետք է շեշտադրել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի համագործակցությունն ու այդ հանագործակցության ներդաշնակեցման անհրաժեշտությունը: Ասվածը կարևորվում է վարչատարածքային նոր իրողությունների համատեքստում: Իրականացված վարչատարածքային բարեփոխումների համատեքստում շարունակական աշխատանքներ են տարվում նաև ՏԻՄ-երում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման միջոցով ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավման ու հասանելիության ընդլայնման ուղղությամբ»,- իր ելույթում ասել է նախարար Սանոսյանը։
 
«Տեղական ինքնակառավարման համակարգն իր 27 տարիների գործունեության տարեգրության մեջ, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, հաղթահարելով տարբեր խոչընդոտներ, ոչ միայն ձևավորվեց, այլև հասցրեց կայանալ։ Լինելով Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգի կարևոր բաղադրիչ՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտն ինքնին դիտարկվում է որպես տեղական ժողովրդավարության հիմնասյունը»,- իր ելույթում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
 
Հանդիսավոր նիստի ներկաներին տեսակապով ողջունել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդկային արժանապատվության, հավասարության և կառավարման հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանին՝ ընդգծելով, որ ՀՀ Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեղական ինքնակառավարմանը։ «Ուժեղ և արդյունավետ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակակից հասարակությունների ժողովրդավարական կառուցվածքի էական տարրեր են և սոցիալական և տնտեսական հաջողության համար անփոխարինելի մասնիկներ»,-շեշտել է Կլաուդիա Լուչիանին:
 
Ելույթներով հանդես են եկել նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը և Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։
 
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցել «ՏԻՄ ոլորտի բարեփոխումները Հայաստանում և զարգացման հեռանկարները» խորագրով պանելային քննարկում, որի ժամանակ կրկին անդրադարձ է կատարվել ՏԻ համակարգի կայացմանը, հաղթահարված խնդիրներին և մարտահրավերներին։
 

  • Կիսվել: