ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք շարունակում ենք աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակներում․ ռումինացի խորհրդարանականներ

Մենք շարունակում ենք աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակներում․ ռումինացի խորհրդարանականներ

2021 թվականի դեկտեմբերի 17-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբի և Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել

Հայտարարությունն՝ ամբողջությամբ․

«Հայ-ռումինական բարեկամությունը խորը պատմական արմատներ ունի, և պատահական չէ, որ Ռումինիան առաջին պետություններից է, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ 1991թ․ դեկտեմբերի 17-ին: Ավելին, խորհրդարանական մակարդակով համագործակցությունը մեր պետությունների միջև սկսվել էր ավելի վաղ, երբ Ռումինիայի խորհրդարանի դիտորդները ներկա էին Հայաստանի անկախության 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեին։

Հենց սկզբից մեր համագործակցության կարևոր ոլորտներից մեկը եղել է խորհրդարանական հարթությունը։ Երեք տասնամյակների ընթացքում Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական բարեկամության խմբերը խորացրել և ընդլայնել են երկկողմ հարաբերությունները՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են՝ միջխորհրդարանական կապերը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, սպորտը և այլն։

Ռումինիայի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների առաջին խորհրդարաններից էր, որը 2018թ․ վավերացրեց ԵՄ-Հայաստասն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Եվրոպական տարբեր հարթակներում համագործակցությունը հայ-ռումինական խորհրդարանական գործընկերության հիմնական տարրերից է։

Մենք վերահաստատում ենք 2021թ․ ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարբերական լսումների կարևորությունը և բարձր ենք գնահատում ռումինացի խորհրդարանականների հայտարարությունները Ռումինիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտության մասին։

Մենք շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և հավատարիմ ենք մեր պարտավորություններին` կատարել եվրոպական հեղինակավոր կառույցների որոշումները, համապարփակ միջազգային աշխարհակարգի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով, խթանելով կայուն զարգացումը և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Եվրոպայում և եվրոպական հարևանության երկրներում:

Մենք նաև հավատարիմ ենք մեր երկրների կառուցողական և ներառական երկխոսությանը և կշարունակենք աշխատել միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ՝ շոշափելի օգուտ բերելով ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային մակարդակով։

Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ գործադրել բոլոր ջանքերը՝ ներկայիս գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, այդ թվում՝ պայքարելու ենք կլիմայի փոփոխության և COVID-19 համաճարակի դեմ, ինչպես նաև աջակցելու ենք միջազգային խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման խնդիրների լուծմանը»:

Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի նախագահ Անուշ Բեղլոյան Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Անդրեի Դանիել Գեորգեն:

  • Կիսվել: