երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք մեր օրինակով ապացուցեցինք, որ պետական ԲԿ-երը կարող են էֆֆեկտիվ աշխատել եւ աշխատած գումարներով կատարել ներդրումներ` ապահովելով առաջընթաց. «Վանաձոր» ԲԿ-ի տնօրեն

Մենք մեր օրինակով ապացուցեցինք, որ պետական ԲԿ-երը կարող են էֆֆեկտիվ աշխատել եւ աշխատած գումարներով կատարել ներդրումներ` ապահովելով առաջընթաց. «Վանաձոր» ԲԿ-ի տնօրեն

Պետական ԲԿ-երի հաջողության գրավականի, առաջընթացի գաղտնիքների, համայնքային և հանրապետական իշխանությունների հետ էֆֆեկտիվ համագործակցության շնորհիվ մարզային բուժհաստատությունների զարգացման տեսլականների մասին InfoPort.am-ի «Առողջապահություն» խորագրի ներքո զրուցել ենք «Վանաձոր» ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ:

 -Պարոն Մկրտչյան, նախ՝ խոսենք «Վանաձոր» ԲԿ-ի վերջին տարիներին ունեցած ձեռքբերումների եւ ԲԿ-ում մատուցվող ծառայությունների մասին:

-Երբ ընդունեցինք «Վանաձորի բժշկական կենտրոն»-ը, մոտ 147 մլն դրամի կուտակած պարտքեր կային: Մի քանի ամսվա ընթացքում մենք կարողացանք մարել այդ պարտքերն ու բժշկական կենտրոնը սկսեց արդեն առաջընթաց գրանցել: Մենք ապացուցեցինք, որ Վանաձորի ԲԿ-ն, ունենալով պետական կարգավիճակ, կարող է բնականոն աշխատել, եւ իր աշխատած գումարներով կատարել ներդրումներ ու առաջընթաց գրանցել: Մինչ այդ սակայն, շատերը կարծում էին, թե հիմնարկը չի կարող զարգանալ, եւ որ պետք է այն մասնավորեցնել: Մենք, սակայն, մեր աշխատանքով հակառակն ապացուցեցինք:

Հաջորդ կարեւոր ձեռքբերումը՝ բուժանձնակազմի աշխատավարձերի վերանայումն ու բարձրացումն էր: Այսօրվա դրությամբ «Վանաձորի բժշկական կենտրոնի» բժիշկների աշխատավարձները բավականին մրցունակ են, հաճախ նաեւ՝ Երեւանի հիվանդանոցների հետ համեմատած:

Այս տարիներին նոր ու բազմաթիվ ծառայություններ են բացվել բժշկական կենտրոնում, որոնցից ամենակարեւորը, թերեւ, ինվազիվ սրտաբանության բաժանմունքն է: Բացվելով 2019թ-ի հուլիսին, մինչ օրս հազարավոր պացիենտներ են ստուգվել ու բուժվել, անհաշվելի փրկված կյանքեր ունենք, որը թերեւս մեր պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմի աշխատանքի թիվ մեկ գնահատականը կարելի է համարել: Ժամանակի ընթացքում ավելացրեցինք նաեւ պերիֆերիկ անոթների ստենտավորման (անոթային վիրաբուժություն) ծառայությունը:

Բժշկական կենտրոնը հագեցած է գերժամանակակակից, արտասահմանյան վերջին սերնդի ախտորոշիչ բազմաթիվ սարքավորումներով, որոնց թիվը մենք ավելացրել ենք մեր ուժերով: Ունենք այնպիսի սարքավորումներ, որոնցից որեւէ այլ մարզային բժշկական հաստատությունում առկա չէ: Սարքավորումներ ունենք, որոնցից Հայաստանում ընդամենը 3 տեղ կա, մեկը՝ հենց մեր բժշկական կենտրոնն է:

Այս տարիների ընթացքում ձեռք ենք բերել լաբորատոր նոր ու կարեւոր մի շարք սարքավորումներ, որը թույլ է տալիս կարճ ժամանակում ստանալ ցանկալի արդյունք՝ խնայելով պացիենտների համար կյանք արժեցող ժամանակը: Գերժամանակակից սարքավորումների ձեռքբերման հետ զուգահեռ մեր բուժանձնակազմը բազմաթիվ վերապատրաստումների է մասնակցել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում: 

Եթե շարունակենք թվարկել բժշկական կենտրոնի հնարավորություները բաժանմունք առ բաժանմունք՝ ամենայն մանրամասնությամբ, ապա դա բավականին երկար կտևի: Ունենք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որը  եւս իր հագեցվածությամբ չի զիջում մայրաքաղաքային որեւէ բուժհաստատության: Տարիների ընթացքում ծնունդների թիվը գնալով ավելացավ մեզ մոտ, ինչը կարելի է համարել հստակ ցուցիչ այն բանի, որ վստահությունը ծննդատան բուժանձնակազմի նկատմամբ զգալի աճում է:

 Հղիների,  նորածինների ու մայրիկների  առողջության պահպանման համար  կարեւորագույն սարքավորումների ու  հիվանդասենյակներում տիրող պայմանների հետ կապված բնակչության գնահատականն այժմ միանշանակ դրական կարելի է գնահատել:

Ունենք հիանալի նեղ- մասնագիտական վիրաբուժական թիմ: Մեր բժիշկների կողմից կատարվում են վիրահատություններ, որոնք իրենց տեսակով պարզապես կարելի է եզակի համարել: Շարքը կարելի է անվերջ թվել…

-Որն՞ է բժշկական կենտրոնի՝ տարեցտարի արձանագրվող ձեռքբերումների եւ հաջողության հիմնական գրավականը։

-Առաջինը՝ գործընկերային ու ազատ հարաբերությունները, մեզ մոտ բացառված է ցանկացած ստվերային գործարք: Չունենք ֆինանսական խնդիրներ, աջակցում ենք բժիշկների ցանկացած առաջարկի, որը կնպաստի բնակչությանը որակյալ բուժօգնություն ցուցաբերելուն:

Բժշկական կենտրոնը հաջողություներ չէր արձանագրի, եթե չլիներ Առողջապահության նախարարության շարունակական աջակցությունը ցանկացած հարցի ու խնդրի վերաբերյալ: Որպես մարզային բժշկական կենտրոնի ղեկավար՝ վստահաբար կարող եմ փաստել, որ առանց Կառավարության, Առողջապահության նախարարության ու Մարզպետարանի՝ ի դեմս մարզպետի, մենք գուցե եւ այսքան հաջողություններ չարձանագրեինք մեր աշխատանքում:

-Պարո՛ն Մկրտչյան, որո՞նք են ըստ Ձեզ՝ մարզային  ԲԿ-ների առջեւ ծառացած հիմնական խնդիրները ընդհանուր առմամբ:

-Առաջին խնդիրը, թերեւս, առկա է ոչ միայն առողջապահության ոլորտում, այլ գրեթե բոլոր ոլորտներում. պետք է պայմաններ ստեղծել մասնագետների մարզերում աշխատելը հրապուրիչ ու ցանկալի դարձնելու համար: Պետք է ստեղծվեն պայմաններ, որ նախ՝ մարզային լավագույն կադրերը չկենտրոնանան մայրաքաղաքում, ապա նաեւ մայրաքաղաքի լավագույն կադրերի համար մարզում աշխատելը լինի գրավիչ, հատկապես՝ երիտասարդ մասնագետների համար:

-Ի՞նչ նոր երկարաժամկետ ծրագրեր ունի ԲԿ-ն միտված նրան, որպեսզի բնակիչների հոսքը դեպի Երեւանյան հիվանդանոցներ նվազեցվի և հակառակը՝ ավելանա հոսքը դեպի մարզային բուժհաստատություն:

-Առաջիկայում պետական ծրագրով կկառուցվի «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի ինֆեկցիոն բաժանմունքի նոր մասնաշենքը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Նախատեսում ենք ձեռք բերել մամոգրաֆիայի եւ MRT սարքավորումներ: Ապագայի ծրագրեր շատ ունենք, առայժմ թույլ տվեք ավելին չասեմ, երբ դրանք կյանքի կկոչվեն, բոլորն այդ մասին կիմանան:

-Որքանո՞վ են մարզային իշխանությունները աջակցում ԲԿ-ի զարգացմանը միտված ծրագրերին:

-Մարզպետ Խաչատրյանի միջնորդությամբ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ, «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ,  բժշկական կենտրոնում վերջերս բացվեց ֆիզիոթերապիայի եւ վերականգնողականբ բժշկության բաժանմունքը, որի անհրաժեշտությունն առաջացավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Բայց անկախ դրանից,  մենք ունեինք այդ բաժանմունքի կարիքը նաեւ մինչեւ պատերազմը, երբ հիվանդը վերականգնողական բուժում ստանալու համար կա՛մ այցելում էր փոքր մասնավոր կենտրոններ,  կա՛մ՝ մայրաքաղաք: Այսօր արդեն, մենք ունենք բարձր մակարդակի վերականգնողական ծառայություն:

Կարեւոր է նաեւ նշել Լոռու մարզպետի օժանդակությամբ բժշկական կենտրոնում բացված առանձնացված վերակենդանացման ծառայությունը՝ 24/7 ռեժիմով աշխատող: Մարզպետարանը՝ ի դեմս մարզի ղեկավարի, եղել եւ մնում է մեր թիվ մեկ հենարանը: Պահանջը՝ մարզի ազգաբնակչությանը առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելն է:

  • Կիսվել: