ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք հասել ենք ինֆեկցիայի պիկին և օրենքով արդեն պետք է վայրէջք ապրենք․ Վարակաբան

Մենք հասել ենք ինֆեկցիայի պիկին և օրենքով արդեն պետք է վայրէջք ապրենք․ Վարակաբան

Երեկ և այսօր կորոնավիրուսով հաստատված դեպքերի կտրուկ աճը հիմք է տալիս վարակաբան Հասմիկ Ղազինյանին պնդելու, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակը հասել է իր պիկին։

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսով հիվանդացության 319 դեպք, այսօր՝ մայիսի 18-ին՝ 218 դեպք։

«Մենք հասել ենք ինֆեկցիայի պիկին և օրենքով արդեն պետք է վայրէջք ապրենք, բայց միայն մի պայմանով՝ այն վերահսկողությունը, որը արդեն սահմանվել է, իր ինտենսիվությունը չպետք է նվազեցնի՝ հաշվի առնելով նաև բնակչության մեջ ունեցած շատ մեծ թերահավատ զանգվածին», - InfoPort.am-ին տեղեկացրեց վարակաբան Հասմիկ Ղազինյանը։

Մեր դիտարկմանը, թե ի՞նչ վերահսկողության մասին խոսք կարող է գնալ, երբ օրինակ՝ բանկերում և այլ ծառայություններ մատուցող հաստատությունների դիմաց հերթերը շատ են, իսկ մարդիկ միմյանց կողք կողքի անխոչընդոտ կանգնած, վարակաբանը արձագանքեց․ «Խոսքը հասարակական տրանսպորտի մասին է, իսկ ես հետևել եմ և տեղյակ եմ՝ բավականին լավ ախտահանվում են և պահպանում կարգը։ Մնում է այդպիսի վերահսկողություն սահմանվի սուպերմարկետներում, բանկերում, դեղատներում և մնացած փակ տարածքներում։ Բացի այդ, պետք է գործի տուգանքների համակարգը՝ եթե մեկ-երկու գործատու տուգանվի այդ որոշումները չպահպանելու համար, ապա իրավիճակը կկարգավորվի»։

Վարակաբան Հասմիկ Ղազինյանը նկատեց, որ մարդիկ իրավունք ունեն չհավատալ վիրուսի վտանգներին, բայց նրանք ունեն նաև պարտականություններ երկրի, մարդկանց առաջ՝ չվնասել որևիցե մեկի առողջությանը։ «Հետևաբար առաջարկում եմ չհավատալով ենթարկվել պարտադիր կանոններին ու որոշումներին, և ես համոզված եմ, որ մենք կունենանք ինֆեկցվածների նվազում։ Վարակի հետագա տարածումը մեր երկրում կախված է մեր վարքագծից։ Այն արդեն դարձել է վաքագծային հիվանդություն, և մենք պետք է ապրենք նրա հետ միասին», -հավելեց մասնագետը։

Հարցին, թե ե՞րբ կարող է նվազել վարակի տարածման տեմպը, մասնագետը պատասխանեց, որ առայժմ հնարավոր չէ ասել և հավելեց, որ առաջիկա մի քանի օրերի տեմպը կհուշեն մասնագետներին՝ ո՞ր փուլում է վարակի տարածման տեմպը և արդյո՞ք հնարավոր է, որ այն շուտ ավարտվի։

«Առաջիկա մի քանի օրերի դինամիկան մեզ կարող է հուշել, թե վարակի տարածման որ փուլում ենք։ Մեր վարքագծից ու մեր պահվածքից է կախված, թե ինֆեկցիան ինչ ընթացք կստանա», -հայտարարեց վարակաբանը՝ հորդորելով բնակչությանը հետևել պաշտոնական խողովակներով տարածվող տեղեկություններին։

  • Կիսվել: