կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք չենք կարող կանխատեսել աղետները և արտակարգ իրավիճակները, բայց կարող ենք նախապատրաստվել և կանխարգելել․ Ցուցուլյանի ուղերձը

Մենք չենք կարող կանխատեսել աղետները և արտակարգ իրավիճակները, բայց կարող ենք նախապատրաստվել և կանխարգելել․ Ցուցուլյանի ուղերձը

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ․

«Հարգելի՛ գործընկերներ, քաղաքացիական պաշտպանության համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Մարտի 1-ն աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր։ Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համայնքի բոլոր ներկայացուցիչներին և Փրկարար ծառայության աշխատակիցներին։

Քաղաքացիական պաշտպանությունը, հանդիսանալով ազգային անվտանգության և բնակչության պաշտպանության կարևորագույն բաղադրիչ, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը փրկարար ծառայության գերակա ուղղություններից է, որն օրեցօր զարգանում և ամրապնդվում է՝ դիմակայելով առկա մարտահրավերներին և ժամանակի թելադրանքին։

Խաղաղ, թե պատերազմական ժամանակ քաղաքացիական պաշտպանության ուժերը մշտական պատրաստականությամբ հասարակության տարբեր խավերի կողքին են՝ նախապատրաստվելով և իրականացնելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ, ապահովելով բնակչության կյանքի և նյութական արժեքների պաշտպանությունը, ենթակառուցվածքների անվտանգությունը, երաշխավորելով համարժեք արձագանք՝ բնական երևույթներով կամ մարդկային գործողությունների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակներին, աղետներին։

2023 թվականն իրապես մեզ համար բարդ և ճգնաժամային իրադարձություններով լի տարի էր, սակայն քաղաքացիական պաշտպանության ուժերը նվիրումով և բարձր պատասխանատվությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները՝ նախաձեռնելով կանխարգելիչ միջոցառումներ, ուսուցումներ, միևնույն ժամանակ կազմակերպելով բնակչության պատրաստվածությանը, անվտանգությանն ու կենսապայամանների ապահովմանն ուղղված այլ միջոցառումներ։

Մենք չենք կարող կանխատեսել աղետները և արտակարգ իրավիճակները, բայց կարող ենք նախապատրաստվել և կանխարգելել՝ նվազագույնի հասցնելով վերջիններիս ազդեցությունը, ինչը մեծ ջանք ու գիտակցություն է պահանջում։ Այստեղ տեղին է նշել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված հայտնի կարգախոսը․ «Մենք կարող ենք միայն հուսալ լավագույնին, քանի դեռ գոհացուցիչ կերպով պատրաստված ենք վատագույնին»:

Կրկին շնորհավորում եմ քաղաքացիական պաշտպանության համայնքի ներկայացուցիչներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անձնուրաց աշխատանքով և նվիրումով, իրենց կյանքը հաճախ վտանգի ենթարկելով, պաշտպանում և փրկում են այլոց կյանքերը»։

  • Կիսվել: